Բյուջետային ուսումնական ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների հետ

2025-04-04 14:40

Սույն թվականի ապրիլի 2-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում բյուջետային ուսումնական ծրագրի երկրորդ հոսքի մասնակից երիտասարդ մասնագետները և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչները հյուրընկալվեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։ Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը նշեց, որ այցելության հիմնական նպատակն է՝ մասնակիցներին ծանոթացնել սոցիալական ոլորտի բյուջետավորման գործընթացին, ուսումնասիրել նախարարության գործառույթները պետական ֆինանսների կառավարման համակարգում և ձեռք բերել գործնական գիտելիքներ բյուջետային գործընթացի վերաբերյալ:
Նախարարության կողմից մասնակիցներին ընդունեցին ԱՍՀՆ ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի և գնահատման վարչության պետ Սվետլանա Հովակիմյանը, ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության բյուջետավորման բաժնի պետ Արտակ Մկրտչյանը, ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի և գնահատման վարչության ամփոփ վերլուծությունների բաժնի փորձագետ Անահիտ Համզյանը։
Հանդիպման ընթացքում ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի և գնահատման վարչության ամփոփ վերլուծությունների բաժնի փորձագետ Անահիտ Համզյանը ներկայացրեց նախարարության բյուջետային գործընթացը՝ մանրամասնելով 2026-2028 թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) հայտերի մշակման և հաստատման ընթացակարգը։ Նա խոսեց է նաև քաղաքացու բյուջեի մասին՝ այդ համատեքստում ընդգծելով հանրային ֆինանսների մասին տեղեկատվությունը քաղաքացիներին հնարավորինս պարզ և մատչելի ներկայացնելու կարևորությունը։ Նշենք, որ պետական բյուջեի ամենամեծ մասը հատկացվում է հենց սոցիալական ոլորտին՝ ապահովելով երկրի բնակչության սոցիալական պաշտպանվածությունը:
Այնուհետև մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը ուղղել նախարարության ներկայացուցիչներին: Քննարկումը ծավալվեց կենսաթոշակների տրամադրման և հաշվարկման մեխանիզմների, Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին տրամադրվող աջակցության, ինչպես նաև նպաստների տրամադրման գործիքակազմի շուրջ:
Երիտասարդ մասնագետների բյուջետային ուսումնական ծրագրի մասնակից, ՀՊՏՀ ուսանողուհի Ժանետա Վարդանյանի՝ կենսաթոշակների հաշվարկման և տրամադրման մեխանիզմների վերաբերյալ հարցին ի պատասխան նախարարության ներկայացուցիչները բացատրեցին, որ գործում են հաշվարկման մի շարք մեխանիզմներ, որոնց իրականացումը վերապահված է համապատասխան ստորաբաժանումներին:
Հանդիպման ավարտին նախարարության ներկայացուցիչներն արտահայտեցին պատրաստակամություն շարունակել համագործակցությունը երիտասարդների և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն իրականացվում է 2022թ. դեկտեմբերի 8-ից մինչև 2026թ. դեկտեմբերի 7-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Ծրագրի գործընկերներն են «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն և չեխական «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն:

This site is registered on wpml.org as a development site.