Երիտասարդ մասնագետները և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչները՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում

2025-04-04 14:38

2025 թվականի ապրիլի 2-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում կայացավ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում կազմակերպված այցը, որին մասնակցեցին բյուջետային ոլորտի երիտասարդ մասնագետների և ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային ուսումնական ծրագրի երկրորդ հոսքի մասնակիցները: Նրանց ընդունեց ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի համակարգման վարչության պետ Ռուզաննա Գաբրիելյանը:
Ռուզաննա Գաբրիելյանը ողջունեց ծրագրի մասնակիցներին՝ ընդգծելով ՔՀԿ-ների ակտիվ ներգրավվածության առանցքային դերը բյուջետային հայտերի քննարկման գործընթացում: Նա հատկապես կարևորեց այս ոլորտում փորձառու երիտասարդ մասնագետների ներգրավման անհրաժեշտությունը՝ որպես ապագա զարգացման գրավական:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը մանրամասն ներկայացրեց կազմակերպված այցի նպատակները և խոսեց մասնակիցների հետ բյուջետային ոլորտում արդեն իրականացված աշխատանքների մասին: Նա շնորհակալություն հայտնեց նախարարությանը՝ ծրագրի կայուն գործընկեր լինելու համար:
Հանդիպման առաջին հատվածում մասնակիցները ծանոթացան ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացին, մակրոտնտեսական և ֆիսկալ նպատակադրույթներին, ինչպես նաև քննարկվեց ֆիսկալ քաղաքականության դերը տնտեսության զարգացման գործում և բյուջետային համակարգի ընդհանուր սկզբունքները:
Հանդիպման երկրորդ մասում կազմակերպվեց հարց ու պատասխան, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկել իրենց հետաքրքրող հարցերը ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցչի հետ: Հարցադրումները հիմնականում վերաբերում էին պահուստային ֆոնդերին, բյուջետային կոնսոլիդացիային, պետական պարտքին և այլն։ Օրինակ՝ երիտասարդ մասնագետների բյուջետային ուսումնական ծրագրի մասնակից, ՀՊՏՀ ուսանող Յուրա Մարտիրոսյանին հետաքրքրեց պետական պարտքի աճի և տնտեսական աճի տեմպերի հնարավոր անհամապատասխանության դեպքում նախատեսվող սցենարները։ Հարցադրմանն ի պատասխան նախարարության ներկայացուցիչը նշեց, որ ՀՀ ֆինանսների նախարարությունն ունի հատուկ գործիքակազմ այս խնդրի համար, ներառյալ առանձին ստորաբաժանում, որը միջազգային մեթոդաբանությամբ մշտադիտարկում է նման ռիսկերը: Նշվեց նաև, որ ՄԺԾԾ-ի պարտքի ռազմավարությունում հստակ սահմանված են համապատասխան գործիքները:
Հանդիպման ավարտին նախարարության ներկայացուցիչը վերահաստատեց ծրագրի կարևորությունը և ողջունեց բյուջետային գործընթացներում երիտասարդների ու քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը: Մասնակիցներին հատկապես խրախուսվեց ներգրավվել ընթացիկ հանրային քննարկումներում և բերել իրենց արժեքավոր ու յուրահատուկ ներդրումը այդ կարևորագույն գործընթացներում:
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն իրականացվում է 2022թ. դեկտեմբերի 8-ից մինչև 2026թ. դեկտեմբերի 7-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Ծրագրի գործընկերներն են «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն և չեխական «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն:

This site is registered on wpml.org as a development site.