Փետրվարի 28-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային ուսումնական ծրագրի երկրորդ հոսքի դեմ առ դեմ ուսուցման և երիտասարդ մասնագետների երկրորդ հոսքի խորացված և գործնական հմտությունների զարգացման փուլերի շրջանակներում տեղի ունեցան խորացված դասընթացներ՝ նվիրված բյուջետային ծրագրերի մոնիտորինգին և գնահատմանը։ Երիտասարդ մասնագետների և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների հետ իր փորձով կիսվեց Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը։
Դասընթացավարը համապարփակ կերպով անդրադարձավ բյուջետային հսկողության գործիքակազմին՝ սկսած սոցիալական աուդիտից մինչև պետական ծախսերի հսկողություն և բյուջեի անկախ վերլուծություն։ Հատուկ ուշադրություն դարձվեց բյուջեի վերլուծության տարբեր մեթոդներին և գնահատման չափանիշների մշակմանը։
Առանձնահատուկ արժեք ներկայացրեց դասընթացների գործնական հատվածը, որտեղ մասնակիցները ձեռք բերեցին բյուջետային ծրագրերի գնահատման չափանիշներ մշակելու փորձ և հմտություններ։ Նրանք սովորեցին ձևակերպել յուրաքանչյուր չափանիշի համար թիրախային հարցադրումներ, որոնք թույլ կտան արդյունավետ կերպով գնահատել բյուջետային ծախսերի արդյունավետությունը։
Մասնակիցների գիտելիքների աճը գնահատելու նպատակով դասընթացների մեկնարկին և ավարտին անցկացվեցին գիտելիքների ստուգման թեստեր, որոնք փաստեցին դասընթացի արդյունավետությունը։
Դասընթացի հիբրիդային ձևաչափը՝ համադրելով առկա և առցանց մասնակցության հնարավորությունը, ապահովեց հեռավոր մարզերից մասնակիցների ներգրավվածությունը՝ նպաստելով տարածաշրջանային կարողությունների համաչափ զարգացմանը բյուջետային մոնիտորինգի և գնահատման ոլորտում։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: