Փետրվարի 12-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի երիտասարդ մասնագետների գիտելիքների փոխանցմանն ուղղված ուսումնական ծրագրի շրջանակներում կայացավ առցանց քննարկում, որի նպատակն էր ամրապնդել երիտասարդ մասնագետների գիտելիքները բյուջետային գործընթացներում շահերի պաշտպանության արդյունավետ մեխանիզմների վերաբերյալ:
Հանդիպման մեկնարկին Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը ողջունեց մասնակիցներին ուսումնական ծրագրի մասնակցության համար և ցանկություն հայտնեց լսել երիտասարդների կարծիքը շահերի պաշտպանության բաղադրիչի թեմաների և առհասարակ ուսուցման առցանց փուլի վերաբերյալ։ Երիտասարդներից յուրաքանչյուրն արտահայտեցին իրենց տպավորությունները, ներկայացրեցին իրենց դիտարկումները և բարձր գնահատեցին ծրագրի փորձագետների կատարած աշխատանքը՝ նյութերն առավելագույնս մատչելի և ինտերակտիվ կերպով ներկայացնելու համար։
Այնուհետև, Սյուզաննա Սողոմոնյանը մանրամասն անդրադարձավ մասնակիցների հարցերին՝ կապված շահերի պաշտպանության գործիքների, ցանցային համագործակցության, հանրային մշտադիտարկման և պետական մարմինների հետ կառուցողական երկխոսության հաստատման հետ: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց փաստահեն հանրային քաղաքականությունների մշակմանը և հանրության հետ արդյունավետ հաղորդակցության պլանավորմանը: Նշենք, որ երիտասարդներն առցանց ուսուցման փուլում արդեն ուսումնասիրել էին վերոնշյալի թեմաներն ու հավաքագրել իրենց հուզող հարցերը։
Քննարկման ավարտին ներկայացուցիչը հավաստեց, որ ուսումնական ծրագրի հետագա փուլերն էլ ավելի ինտերակտիվ, արդյունավետ և օգտակար են լինելու մասնակիցների գործնական հմտությունների զարգացման և մասնագիտական աճի գործում։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: