Կայացավ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ղեկավար կոմիտեի 2-րդ նիստը

2024-12-11 12:44

Դեկտեմբերի 10-ին ԻՀԱ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի (Այսուհետ՝ Ծրագիր) ղեկավար կոմիտեի 2-ին նիստը։

Նիստին ներկա էին Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Դավթյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը, ԻՀԱ ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը, ԻՀԱ գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը և Ծրագրային օգնական Անահիտ Մարդոյանը, ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի վերլուծական մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Բաղդասարյանը։ 

Նիստը մեկնարկեց ԻՀԱ նախագահ, Ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի և ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Դավթյանի ողջույնի խոսքերով, որից հետո ներկայացվեցին ծրագրային երկրորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները և գրանցված հաջողությունները։

Ծրագրային օգնական Անահիտ Մարդոյանը մանրամասն ներկայացրեց Ծրագրի շրջանակներում ստեղծված budgets.am բյուջետային գիտելիքների փոխանակման էլեկտրոնային հարթակը, դրա բաժինները և առցանց ուսումնական հնարավորությունները։ Նա նաև անդրադարձավ Ծրագրի սոցիալական հարթակներում իրականացված աշխատանքներին՝ ներկայացնելով պատրաստված ինտերակտիվ տեսանյութերն ու ինֆոգրաֆիկաները։

Ապա, Սյուզաննա Սողոմոնյանը անդրադրաձ կատարեց Ծրագրի շրջանակներում երիտասարդ մասնագետների բյուջետային
կարողությունների զարգացմանը և ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային գիտելիքների փոխանցմանն ուղղված ուսումնական ծրագրերի առաջին հոսքին՝ դրա ընթացքին և արդյունքներին։ Նրա խոսքով՝ առաջին հոսքի ուսուցմանը գրանցվել էին 150-ից ավել ուսանողներ և 30-ից ավել ՔՀԿ-ներ, որոնցից շուրջ 100 ուսանողներ և 20-ից ավել ՔՀԿ-ներ անցան ուսուցման առցանց ուսումնական փուլը՝ budgets.am բյուջետային գիտելիքների փոխանակման էլեկտրոնային հարթակի միջոցով։ Ապա մասնակցելով դեմ առ դեմ դասընթացներին և պետական մարմիններ այցերին՝ արդյունքում լավագույն արդյունք ցուցաբերած 15 երիտասարդ մասնագետներ և 20 ՔՀԿ-ներ հաջողությամբ ավարտեցին ուսումնական ծրագրերի առաջին հոսքը։

ԻՀԱ նախագահ, Ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանն անդրադարձավ Ծրագրի շրջանակներում բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացնելու, ինչպես նաև բյուջետային ոլորտի երիտասարդ մասնագետներին աշխատանքային հիմունքներով ՔՀԿ/ԶԼՄ-ներում ներգրավելու նպատակով ենթադրամաշնորհների տրամադրման  առաջին փուլին։ Նրա խոսքով երկար ու ձիգ աշխատանքների արդյունքում ի վերջո ընտրվեցին չորս ենթադրամաշնորհային ծրագրեր՝ արդարադատության, սոցիալական աջակցության և կրթության ոլորտներում։ Հատկանշական է, որ ենթադրամաշնորհային ծրագրերի մեջ ներգրավված են երիտասարդ մասնագետների բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրերի առաջին հոսքի արդյունքում լավագույն արդյունք գրանցած չորս երիտասարդ մասնագետները։

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանն էլ անդրադարձավ Ծրագրի շրջանակներում մշակված Ծրագրի թիրախ ոլորտներում 2024 թվականի պարզեցված ոլորտային բյուջեներին՝ խոսելով դրանց կառուցվածքի, առանձնահատկությունների, արդյունավետության մասին։ Ոլորտային պարզեցված բյուջեներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Նիստի երկրորդ մասում արդեն ներկաներին ներկայացվեց ծրագրային երրորդ տարվա անելիքները։ Կարեն Զադոյանը խոսեց երրորդ տարում նախատեսվող երիտասարդ մասնագետների և ՔՀԿ/ԶԼՄ-ների ուսումնական գործընթացից՝ դրա գրանցումներին, նախապատրաստական աշխատանքներից։ Առաջին հոսքի հաջողությունից ոգևորված՝ արդեն իսկ մեծ հետաքրքրություն կա երկրորդ հոսքի նկատմամբ։

Ծրագրի ղեկավարը նաև անդրադարձավ ենթադրամաշնորհների տրամադրման երկրորդ փուլի գործընթացին։ Նա նաև շեշտեց այն կարևոր հանգամանքը, որ երրորդ տարում արդեն մենթորական աջակցության արդյունքում ուսումնական ծրագրերն անցած ՔՀԿ/ԶԼՄ-ներն ակտիվորեն ներգրավվելու են 2026 թվականի բյուջետային հայտերի քննարկումներին՝ իրենց կարողություններով աջակցելով պետական մարմիններին։

Նիստն ավարտվեց արդյունավետ քննարկումներով, որոնց ընթացքում ձևավորվեցին առաջարկներ Ծրագրի հետագա գործողությունների և էլեկտրոնային հարթակի բարելավման վերաբերյալ։ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցչի կողմից հնչեց նաև budgets.am հարթակի հետագա գործարկման շուրջ համագործակցության առաջարկ։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ:

This site is registered on wpml.org as a development site.