Նոյեմբերի 20-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի (Այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում կազմակերպված իրազեկման սեմինար։ Միջոցառումը նպատակ ուներ ֆինանսական և կառավարման ֆակուլտետների ուսանողներին ներկայացնել բյուջետային ոլորտում մասնագիտական զարգացման նոր հնարավորությունները։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ, Ծրագրի օգնական Անահիտ Մարդոյանը բացման խոսքում ընդգծեց երիտասարդ մասնագետների՝ բյուջետային գործընթացներում ներգրավման կարևորությունը։ Նա մանրամասն ներկայացրեց Ծրագրի շրջանակներում արդեն իրականացված նախաձեռնությունները և budgets.am հարթակը, որը դարձել է բյուջետային գիտելիքների փոխանակման արդյունավետ գործիք։ ԻՀԱ ներկայացուցիչը նաև մանրամասն ներկայացրեց երիտասարդ մասնագետների բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրի փուլերը, հնարավորությունները և առաջին հոսքի ուսումնառության արդյունքում գրանցած հաջողությունները։
Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ, Ծրագրի փորձագետ Լիլիթ Հակոբյանն իր ելույթում անդրադարձավ ուսումնական ծրագրի բյուջետային բաղադրիչին։ Նա հատկապես շեշտադրեց այն բացառիկ հնարավորությունները, որոնք ծրագիրն առաջարկում է հանրային ֆինանսների ոլորտով հետաքրքրված ուսանողներին։
Հատկանշական էր ՀՊՏՀ շրջանավարտ Էլենա Հարությունյանի ելույթը, ով ծրագրի առաջին հոսքի լավագույն արդյունք գրանցած մասնակիցներից է։ Ներկայումս նա, որպես աշխատող, ներգրավված է Ծրագրի շրջանակներում մեկնարկած «Կրթության ծախսեր / քննադատական մտածողության որակ» ենթադրամաշնորհային ծրագրում: Էլենան կիսվեց իր փորձառությամբ՝ ներկայացնելով, թե ինչպես է Ծրագիրը հնարավորություն տվել տեսական գիտելիքները կիրառել պրակտիկայում և սկսել մասնագիտական կարիերա բյուջետային ոլորտում։
Սեմինարն ավարտվեց ակտիվ քննարկումներով, որի ընթացքում ուսանողները ստացան սպառիչ պատասխաններ իրենց հարցերին։ Բազմաթիվ ուսանողներ արդեն իսկ հայտնել են իրենց հետաքրքրությունը ծրագրին մասնակցելու վերաբերյալ։
Բյուջետային ուսումնական ծրագրով հետաքրքրված ուսանողները կարող են մինչև սույն թվականի նոյեմբերի 30-ը գրանցվել այստեղ։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: