Պետական բյուջեի ծախսերը դասակարգվում են ըստ 4 հիմնական ուղղությունների.
- գործառական
- գերատեսչական
- տնտեսագիտական
- ծրագրային:
Ինչպե՞ս վերլուծել գործառական ծախսերը:
Բյուջետային ծախսերի գործառական (ֆունկցիոնալ) դասակարգումը ցույց է տալիս հանրային հատվածի առանձին ոլորտներում տարաբնույթ գործառույթների իրականացմանն ուղղված ծախսերը:
Գործառական դասակարգումն օգտագործվում է կառավարության կողմից իրականացվող քաղաքականության ոլորտային ուղղվածությունը, ոլորտային գերակայությունները գնահատելու համար։ Այսինքն, եթե, օրինակ, գործառական դասակարգմամբ մեծ է առողջապահությանն ուղղվող ռեսուրսների կշիռը ընդամենը բյուջետային ծախսերում կամ նախորդ տարվա նկատմամբ ամենամեծ ծավալով աճել է առողջապահության ոլորտի ֆինանսավորման ծավալները, ապա կարող ենք պնդել, որ կառավարության ջանքերն ուղղված են առողջապահության ոլորտի զարգացմանը, որ առողջապահության ոլորտը կառավարության գերակայությունների թվում է։
Գործառական դասակարգմամբ ծախսերը խմբավորվում են ըստ դասերի, խմբերի և բաժինների։ Խմբավորման առաջին մակարդակը բաժիններն են, հաջորդում են խմբերը, հետո՝ դասերը:
Օրինակ, «Առողջապահություն» բաժինը գործառական կառուցվածքում ներկայացված է 5 խմբերով՝
- Բժշկական ապրանքներ, սարքեր և սարքավորումներ,
- Արտահիվանդանոցային ծառայություններ,
- Հիվանդանոցային ծառայություններ,
- Հանրային առողջապահական ծառայություններ,
- Առողջապահություն (այլ դասերին չպատկանող)։
Բերված խմբերից յուրաքանչյուրը դասակարգվում է ըստ առանձին դասերի։ Այսպես, «Հիվանդանոցային ծառայություններ» խումբը ներառում է 3 դաս.
- Ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայություններ,
- Մասնագիտացված հիվանդանոցային ծառայություններ,
- Մոր և մանկան բժշկական ծառայություններ։
Դասերից յուրաքանչյուրն իր հերթին տրոհվում է ըստ ֆինանսական ռեսուրսների բաշխման հոդվածների, որոնք համընկնում են Ծրագրային դասակարգման բյուջետային ծրագրերի միջոցառումների հետ։
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգմամբ ներկայացման բաժինները 11-ն են:
- Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ
- Պաշտպանություն
- Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն
- Տնտեսական հարաբերություններ
- Շրջակա միջավայրի պաշտպանություն
- Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն
- Առողջապահություն
- Հանգիստ, մշակույթ և կրոն
- Կրթություն
- Սոցիալական պաշտպանություն
- Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր