Իրազեկման հանդիպում ենթադրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ

2024-09-25 14:50

Սեպտեմբերի 24-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում՝ ՔՀԿ/ԶԼՄ-ների ենթադրամաշնորհային ծրագրերին ընդառաջ տեղի ունեցավ իրազեկման առցանց հանդիպում ծրագրային թիմի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի շրջանակներում մեկնարկած ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների հմտությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրին մասնակցած և ավարտած ՔՀԿ/ԶԼՄ-ների ներկայացուցիչները։

Հանդիպման առաջին մասում ծրագրի բյուջետային բաղադրիչի փորձագետ՝ Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Լիլիթ Հակոբյանն անդրադարձավ մասնակիցների այն բոլոր հարցերին, որոնք վերաբերվում էին ոլորտային պարզեցված բյուջեների մշակմանը, բյուջեյի մոնիթորինգի և վերլուծության իրականացմանը։

Շարունակելով հանդիպումը Ծրագրի ղեկավար, ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը և ԻՀԱ ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանն անդրադարձան մասնակիցների մյուս հարցերին։

Հարցերի շրջանակն ընդգրկում էր ենթադրամաշնորհների բյուջեների, վերջնաժամկետների, ենթադրամաշնորհային ծրագրի տևողության և կառուցվածքի, կոնսորցիումների կազմման, փորձագետների ներգրավման, ներդրումների վերաբերյալ հարցադրումներ։

Ծրագրային թիմը նաև անդրադարձավ շահերի պաշտպանության քարոզարշավների իրականացման նպատակով տրամադրվելիք ենթադրամաշնորհներին, որոնք հաջորդելու են բյուջեյի մոնիթորինգի և վերլուծության նպատակով տրվող ենթադրամաշնորհներին։

ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչներին նաև հետաքրքրեցին մի շարք հարցեր կապված ենթադրամաշնորհային ծրագրերի ընթացքում մեդիանյութերի  մշակմանը, պատրաստմանը և հրապարակմանը, որոնց ի պատասխան ծրագրային թիմը նշեց, որ մասնակիցների կողմից պատրաստված մեդիանյութերը տեղ կգտնեն ինչպես բյուջետային գիտելիքների փոխանակման budgets.am հարթակում, այնպես էլ թիմի օժանդակությամբ կտարածվեն սոց հարթակներում։

Հանդիպման ավարտին ԻՀԱ ներկայացուցիչները մասնակիցներին մաղթեցին հաջողություն ենթադրամաշնորհային ծրագրերի ներկայացման և հետագա արդյունավետ ու շարունակական համագործակցության գործում։

 

This site is registered on wpml.org as a development site.