Ինչպե՞ս վերլուծել ֆինանսավորման ծավալները, միտումները և գերակայությունները

2024-09-06 13:08

Ֆինանսավորման ծավալների և միտումների վերլուծություն

Ուսումնասիրվող բյուջետային կատեգորիայի վերլուծությունը սովորաբար սկսվում է ֆինանսավորման ծավալի մեծության դիտարկմամբ և դրա համեմատությամբ նախորդող ժամանակահատվածի/ների հետ: Այսինքն, հաշվարկվում է ֆինանսավորման մեծության բացարձակ և հարաբերական աճերը համեմատվող ժամանակահատվածի համեմատությամբ: Քննարկվում է աճի մեծությունը՝ մեծ է, թե փոքր, հնարավորություն ստեղծում է արդյոք այդ աճի ցուցանիշը Ձեզ հետաքրքրող հոդվածը համարել կառավարության կողմից կարևորված ուղղությունների, ոլորտների կամ ծրագրերի շարքում և այլն: Արդյոք նախատեսված ռեսուրսները ձևավորում են էական փոփոխությունների սպասումներ:

Վերլուծության նպատակից ելնելով ուսումնասիրվող ժամանակահատվածի տևողությունը կարող է տարբեր լինել, կարող է ընդգրկել 2 և ավելի տարիներ և հնարավորություն ստեղծել վերլուծել, թե ինչպիսին է բյուջետային առանձին ծախսերի դինամիկան տարիների ընթացքում, արդյոք միտումները դրական են, թե ոչ: Աճերի հաշվարկման պարզ բանաձևերին կարող եք ծանոթանալ ինֆոգրաֆիկայում։

Գերակայությունների վերլուծություն

Արդո՞ք վերլուծվող բյուջետային ծախսերը, ընդհանուր առմամբ մեծ կարևորություն և գերակայություն ունեն թե՛ ուսումնասիրվող տարում և թե՛ նախորդ ժամանակահատվածներում: Կան արդյո՞ք կառավարության քաղաքականությունների փոփոխություններ այս իմաստով, ինչպիսին են դրանք և այլն: Այս և առնչվող մի շարք այլ հարցերին պատասխանելու համար կարևոր է վերլուծել, թե որո՞նք են այն ոլորտները կամ ծրագրերը, որոնց ֆինանսավորման ծավալներն ամենից մեծն են ընդամենը բյուջետային ծախսերում կամ ուսումնասիրվող ոլորտի ծախսերում, որո՞նք են այն ծրագրերը, կամ ոլորտները, որոնց ուղղված ռեսուրսների աճերն ամենից մեծն են: Նաև մասնավորեցնել, թե դրանցից որո՞նք են, որ ապահովում են ընդամենը բյուջետային ծախսերի աճի գերակշռող մասը:

Օրինակ, 2023 թվականին պետական բյուջեի առաջին երեք ամենից մեծ ֆինանսավորում ունեցող բյուջետային ծրագրերը եղել են «ՀՀ պաշտպանության ապահովում», «Կենսաթոշակային ապահովություն» և «Պետական պարտքի կառավարում» ծրագրերը, որոնք հաշվում են ընդամենը բյուջետային ծախսերի 46.6 տոկոսը։ Տասը խոշոր ծրագրերի բյուջեն կազմում է ընդամենը պետական ծախսերի 69.4 տոկոսը։

Բյուջետային ծրագրին հատկացվող ռեսուրսների մասնաբաժինը բյուջետային ծախսերում հաշվարկելու բանաձևին կարող եք ծանոթանալ ինֆոգրաֆիկայում։

Գերակա ծրագրերի վերլուծությունը կարևոր է նաև առանձին գերատեսչությունների կամ ոլորտների մակարդակով՝ հասկանալու մի դեպքում կառավարության քաղաքականությունների գերակա ուղղությունները, մյուս դեպքում՝ ոլորտային քաղաքականության գերակա ուղղությունները:

This site is registered on wpml.org as a development site.