Քաղաքացու բյուջեն կարևոր գործիք է կառավարության թափանցիկության բարձրացման և քաղաքացիների մասնակցության խթանման համար:
«Քաղաքացու բյուջեն» կամ «Պետական բյուջեի քաղաքացու ուղեցույցը» սահմանվում է որպես տարեկան բյուջեի հասարակության տեսանկյունից կարևոր տեղեկատվության և պետական ծախսերի հիմնական ուղղությունների պարզ և ամփոփ նկարագրություն: Այն առանձին փաստաթուղթ է, որը մեկնաբանում է, թե որոնք են տարեկան բյուջեի հիմնական առաջարկությունները և ինչպիսին կլինեն դրանց հետևանքները հասարակության համար:
Ուղեցույցը վերլուծական հրապարակում է, որը հասարակությանը հնարավորություն է ընձեռում տեղեկանալ բյուջեի հիմնական հատկանիշներին, ինչպես նաև ապահովում է տեղեկատվության առավել մանրամասն աղբյուրների հասանելիություն: Այն օգնում է քաղաքացիներին գնահատել իրականացվող քաղաքականությունների ազդեցությունը հասարակության տարբեր խմբերի վրա: ՈՒղեցույցը չնայած կարող է պարունակել հղումներ առավել մանրամասն աղբյուրների, սակայն երբեք չպետք է ուղղորդի տեղեկատվությունը ստանալ այդ աղբյուրներից կամ հասկանալի դառնալ միայն դրանց բովանդակությանը ծանոթ լինելուց հետո: Ուղեցույցում ներկայացված տեղեկատվությունը և դրա ներկայացումը պետք է բավարար լինի ընթերցողին՝ այն հասկանալու և ընկալելու համար:
Քաղաքացու բյուջեն ուղղված է հանրային լայն շրջանակի: Այն, որպես կանոն, պետք է գրված լինի մատչելի լեզվով և ներառի վիզուալ տարրեր, որոնք կօգնեն ոչ մասնագետ ընթերցողներին հեշտությամբ հասկանալ տեղեկատվությունը:
Քաղաքացու բյուջեն կարող է մշակվել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կամ շահերի պաշտպանության այլ խմբերի կողմից, սակայն պետք է թողարկվի և բաշխվի կառավարության կողմից, քանի որ այն կոչված է ինստիտուցիոնալացնելու կառավարության՝ «իրականացվող քաղաքականության թափանցիկության և մատչելիության ապահովման» պարտավորությունը:
Կառավարությունները պետք է ապահովեն, որ քաղաքացիները հստակ պատկերացում ունենան բյուջեի մասին, քանի որ այն անմիջականորեն ազդում է նրանց վրա: Բյուջետային տեղեկատվությունը ներկայացնելով ավելի մատչելի ձևաչափով, քան բյուջեի մասին օրենքն է, կամ մյուս ստանդարտ փաստաթղթերն են, Քաղաքացու բյուջեն բարձրացնում է պետական ֆինանսների կառավարման մասին հասարակության ընկալումը:
Քաղաքացու բյուջեները պետք է ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու հնարավորություն ընձեռեն: Դրանք նախատեսված չեն բյուջետային փաստաթղթերին փոխարինելու, այլ ուղղված են քաղաքացիներին և քաղաքացիական հասարակությանը այնպիսի տեղեկատվության տրամադրմանը, որը հնարավորություն կտա քաղաքացիներին, որպես տեղեկացված շահառուներ, մեծացնել իրենց մասնակցությունը և կառավարությանը պահել հաշվետու:
Քաղաքացու տեսանկյունից, Քաղաքացու բյուջեն կարող է համարվել ամենակարևոր փաստաթուղթը, քանի որ այն կառավարության կողմից թողարկված միակ բյուջետային փաստաթուղթն է, որը մշակված է հենց քաղաքացու համար: Ներկայում բյուջետային փաստաթղթերը լի են մեծ քանակությամբ թվային և տեխնիկական տեղեկատվությամբ, մասնագիտական տերմինալոգիայով, որը սովորական ընթերցողի համար հասկանալի չէ:
Տեղեկությունը՝ «Բյուջետային տեղեկատվության ներկայացման միջազգային և հայաստանյան փորձի ուսումնասիրություն»-ից, որն իրականացվել է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի կողմից։