Բյուջետային տեղեկատվությունը կարդալու և մատչելի ներկայացնելու հմտությունները կարևոր են բյուջետային գործընթացներին Քաղաքացիական հասարակության կառույցներ (ՔՀԿ-ներ) արդյունավետ մասնակցությունը խթանելու, պետական մարմինների հաշվետվողականությունը և թափանցիկությունը բարելավելու տեսանկյունից։
Բյուջետային փաստաթղթերը, սովորաբար, պարունակում են մեծ քանակությամբ թվային և տեխնիկական տեղեկատվություն, մասնագիտական տերմիններ, որն ընթերցողին ոչ միշտ է հասկանալի: ՔՀԿ-ները պետք է պատկերացում ունենան և կարողանան վերլուծել բյուջետային փաստաթղթերը և ներկայացվող տեղեկատվությունը, հասկանան բյուջետային ռեսուրսների ծախսման ուղղությունները և ծավալները, հետևեն և մշտադիտարկման ենթարկեն բյուջետային ծրագրերի իրականացումը և ազդեցություններն իրենց շահառու խմբերի վրա, ինչը հնարավորություն կտա մեծացնել հասարակության մասնակցությունը բյուջետային գործընթացներում և կառավարությանը պահել հաշվետու: Այս իմաստով Ծրագիրը կարևորում է ՔՀԿ-ների մոտ բյուջետային տեղեկատվության օգտագործման, վերլուծության անհրաժեշտ գործիքակազմին տիրապետման մակարդակի և կիրառման հմտությունների զարգացումը։
Սույն ուղեցույցը նպատակ ունի օժանդակել, մասնավորապես, ՔՀԿ-ներին և, ընդհանուր առմամբ, լայն հասարակությանը՝ նրանց տալով անհրաժեշտ գիտելիք և գործիքակազմ բյուջետային վերլուծություններ և բյուջետային ծրագրերի մշտադիտարկում իրականացնելու համար։
Ուղեցույցը հանդիսանում է խորհրդատվական բնույթի ցուցումներ և ներկայացնում է ՀՀ բյուջետային գործընթացը և փուլերը, գործընթացի ժամանակացույցը, բյուջետային հիմնական փաստաթղթերը և տեղեկատվության հիմնական աղբյուրները, բյուջետային վերլուծությունների հիմնական ուղղությունները և դրանց իրականացման մեթոդներն ու գործիքները, ներկայացնում է բյուջետային ծրագրերի և ծախսերի վերահսկման և մշտադիտարկման կիրառական գործիքների շրջանակը։