Արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերի թվում ամենամեծը «Քրեակատարողական ծառայություններ» ծրագիրն է

2024-08-13 09:44

Արդարադատության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի թվում ամենամեծը «Քրեակատարողական ծառայություններ» ծրագիրն է՝ 13.8 մլրդ դրամ բյուջեով, որը կազմում է արդարադատության նախարարության բյուջեի 59.3 տոկոսը։
2024-ին «Քրեակատարողական ծառայություններ» ծրագրի թիրախային ուղղությունը քրեակատարողական հիմնարկների օպտիմալացումն է և դրա արդյունքում տնտեսված միջոցների արդյունավետ բաշխումը և ուղղորդումը ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավմանը։


Կարևորվում է նաև պրոբացիայի ծառայության կարողությունների և կադրային ներուժի զարգացումը, պրոբացիայի համակարգում էլեկտրոնային կառավարման գործիքների կիրառումը՝ ամբողջությամբ գործարկելով E-probation էլեկտրոնային կառավարման համակարգը։
Հարկադիր կատարման ոլորտում կարևորվում է համընդհանուր բարեփոխումների իրականացումը՝ բարձրացնելու կատարողական գործողությունների արդյունավետությունը, ապահովելու կատարողական վարույթի մասնակիցների օրինական շահերի պաշտպանությունը, հավասարակշռվածությունը, նրանց խնդիրներին ու կարիքներին արագ և արդյունավետ արձագանքելու կառուցակարգերի ներդրումը:
Իրականացվելիք գործողությունները կուղղվեն կատարողական վարույթի օրենսդրության համապարփակ վերանայմանը, հարկադիր կատարման վարույթի թվայնացմանը, քաղաքացիհարկադիր կատարող արդյունավետ հաղորդակցության ապահովմանը։


Քրեակատարողական ծառայություններ ծրագրի բյուջեն 2023թ. համեմատությամբ կնվազի 4.1 տոկոսով և կկազմի 13.8 մլրդ դրամ։ Ծրագրի բյուջեի 90.4 տոկոսը կուղղվի քրեկատարողական ծառայություններին, իսկ 5.7 տոկոսը՝ պրոբացիայի ծառայություններին։ Դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց թիվը 2024-ին կկազմի 3,000 մարդ։ Մեկ շահառու հաշվով քրեակատարողական ծառայությունների արժեքը կկազմի ամսական 345.7 հազ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավել է մոտ 8 հազ դրամով։
Քրեակատարողական ծառայությունը կապահովվի 2 հատուկ նշանակության ավտոմեքենաներով, որոնց կուղղվի 22 մլն դրամ։ Պրոբացիայի տակ գտնվող շահառուների թիվը կաճի մոտ 36.4 տոկոսով և կկազմի 7,500 մարդ։ Մեկ շահառուի հաշվով տարեկան ծախսը կկազմի մոտ 104 հազ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ցածր է 28.2 տոկոսով։
Պրոբացիայի ծառայության համար հատուկ նշանակության էլեկտրական սարքավորումների ձեռքբերմանը կուղղվի 139.5 մլն դրամ, ձեռք կբերվի թվով 150 սարքավորում։

This site is registered on wpml.org as a development site.