Բյուջեի փաստահեն շահերի պաշտպանությունը (Evidence-based budget advocacy) (այսուհետ նաև՝ ջատագովություն) բյուջեի վերլուծության և շահերի պաշտպանության ռազմավարության համակցությունն է: Այն պահանջում է պետական բյուջեների մանրակրկիտ ուսումնասիրություն, որի միջոցով բացահայտվում են ջատագովության այն ոլորտները, որտեղ կարող են հատկացվել կամ վերաբաշխվել պետական միջոցները, ինչին էլ հաջորդում է ռազմավարական քարոզչությունը՝ փոփոխություններ իրականացնելու նպատակով (հարկ է նկատի ունենալ, որ բյուջեի շահերի պաշտպանությունը ներառում է նաև պետական բյուջեի վերանայում՝ պարզելու, թե արդյոք պետական բյուջեի կատարումը համապատասխանում է շահերի պաշտպանության ուղղված ջանքերին):
Բյուջեի ջատագովության վերջնական նպատակը՝ թիրախային ոլորտներում կայուն և արդյունավետ ներքին ֆինանսավորման նախատեսումն է, որը հարմարեցվում է տվյալ երկրում մարդկանց կարիքներին:
Բյուջեի եկամուտների (օրինակ՝ որքան գումար է մուտքագրվում) և ծախսերի (որքան գումար է ծախսվում) վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովումը, հնարավոր խնայողությունները և անարդյունավետությունը, ինչպես նաև շահերի պաշտպանության խնդրի լուծման ամենաարդյունավետ գործիքների ընտրությունը հանդիսանում են փաստահեն շահերի պաշտպանության կարևոր բաղադրիչները։ Բյուջեի փաստահեն շահերի պաշտպանությունը նշանակում է իրականացնել գիտելիքահեն և փաստահեն հետազոտություններ և վերլուծություններ, որոնք կծառայեն իբրև ապացույցներ՝ պետական բյուջեի բաշխման ցանկալի փոփոխությունը ջատագովելու համար:
Միջազգային բյուջետային գործընկերությունը բյուջեի շահերի պաշտպանությունը սահմանում է որպես կառավարությունների բյուջեի ընտրությունների վրա ազդելու ռազմավարական մոտեցում, որն ուղղված է հստակ և կոնկրետ արդյունքներ նվաճելուն։ Օրինակ աղքատության նվազեցում, բարելավված կառավարում և այլն։
Պետք է նշել, որ բյուջեի վերլուծությունը և բյուջեի շահերի պաշտպանությունը ՔՀԿ-ների համար կարող են լինել գործունեության նոր ուղղություններ, հետևապես այն պահանջում է որոշակի կարողությունների զարգացում: Այս ուղղությունը նաև ենթադրում է բյուջեի վերաբերյալ տեղեկատվության շարունակական վերլուծություն, որը թույլ կտա գնահատել շահերի պաշտպանության ջանքերի արդյունքում առաջացած ցանկացած փոփոխություն:
Ի՞ՆՉ ՁԵՌՆԱՐԿԵԼ | ՔՀԿ-ները կարող են կապ հաստատել իրենց երկրում բյուջեի ջատագովության ուղղությամբ գործունեություն ծավալող կազմակերպությունների հետ, սովորել նրանց փորձից և ձևավորել ռազմավարական գործընկերություն: |
Բյուջեի շահերի պաշտպանության աշխատանքում ներգրավվելիս կարևոր է նկատի ունենալ պետական (հանրային) ֆինանսների կառավարման և հանրային տնտեսագիտության հետևյալ հիմնարար սկզբունքները.
- Պետական բյուջեները սահմանափակ են, ինչպես ցանկացած այլ ռեսուրս աշխարհում: Սա նշանակում է, անկախ նրանից, թե մենք որքան ջանք ենք գործադրում, կան որոշակի սահմաններ, որի շրջանակներում պետք է իրականացվի ջատագովությունը։
- Պետական մարմիններն ու տեղական ինքնակառավարման մարմինները (ՏԻՄ-երը) ունեն մի շարք մրցակցային կարիքներ և առաջնահերթություններ, որոնցից յուրաքանչյուրը պահանջում է միջոցներ: Հետևապես, երբ որևէ գործողության կամ ոլորտի համար հատկացվում է ֆինանսավորումը, սրանով նվազեցնում է մեկ այլ գործունեության կամ ոլորտի համար հասանելի ռեսուրսները:
- Պետական ֆինանսներ գոյություն չունեն։ Պետական բյուջեի ցանկացած գումար հավաքագրվել է հասարակությունից կամ համայնքից, որը իրականացվում է եկամուտների հավաքագրման տարբեր գործիքների միջոցով (օրինակ՝ հարկեր, պետական տուրքեր, պարտադիր այլ վճարներ և այլն):
Տեղեկությունը՝ «Բյուջետային գործընթացի հետ կապված շահերի պաշտպանության և ՔՀԿ-ների հարակից հմտությունների միջազգային և հայաստանյան փորձի ուսումնասիրություն»-ից, որն իրականացվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։