Պետական բյուջեն կառավարության հարկաբյուջետային քաղաքականության իրականացման հիմնական գործիքն է։ Մի կողմից բյուջեն անմիջական ազդեցություն ունի կառավարության պարտքի, գնաճի, տնտեսական աճի և զբաղվածության վրա, իսկ մյուս կողմից տնտեսական միջավայրը և իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունն են որոշում հավաքագրվող եկամուտների չափը և իրականացվող ծախսերի ուղղությունները։ Հետևաբար կարևոր է բյուջեի վերլուծությունը սկսել հարկաբյուջետային քաղաքականության ուսումնասիրմամբ։
Տարեկան բյուջեն վերլուծելիս, առաջին հերթին պետք է հաշվել բյուջեի ընդամենը եկամուտների և ընդամենը ծախսերի փոփոխությունը (աճ կամ նվազում), անհրաժեշտության դեպքում համեմատել նաև նախորդ տարիների աճերի հետ:
Հաջորդ կարևոր վիճակագրությունը դա պլանավորված եկամուտների և ծախսերի արդյունքում ձևավորվող բյուջեի դեֆիցիտի մակարդակն է, դրա համեմատությունը նախորդ ժամանակահատվածների մակարդակների հետ:
Անշուշտ կարևոր է նաև դեֆիցիտի ֆինանսավորման կառուցվածքի և դրա բաղադրիչների փոփոխության վերլուծությունը: Այս վերլուծությունը հնարավորություն կտա հասկանալ երկրի փոխառության պահանջը, այսինքն՝ պետական պարտքի փոփոխության հնարավոր չափը, նաև, թե որ աղբյուրներից է փոխառնելու կառավարությունը՝ արտաքին աշխարհից, թե մեր երկրի բնակչությունից կամ այլ ներքին աղբյուրներից:
Ընդհանրապես, ամփոփ բյուջետային վիճակագրությունը վերլուծելիս կարևոր է դրանց մակարդակների համեմատությունը ՀՆԱ-ի նկատմամբ, այսինքն՝ հաշվել ամփոփ ցուցանիշներից յուրաքանչյուրի կշիռը ՀՆԱ-ում, ինչը հնարավորություն է ստեղծում վերլուծություններում հաշվի առնել տնտեսական զարգացումները և այս առումով ունենալ նախորդ տարիների նկատմամբ համադրելիմակարդակներ, ինչպես նաև ապահովել միջազգային համադրումների համար կիրառելի ցուցանիշներ: Խոսքը վերաբերվում է թե՛ եկամուտներ/ՀՆԱ, թե՛ ծախսեր/ՀՆԱ և թե՛ բյուջեի դեֆիիտ/ՀՆԱ հարաբերակցությունների քննարկմանը:
Տարբեր երկների, մարզերի կամ ոլորտների միջև համադրումներ իրականացնելիս ՀՆԱ-ում կշիռների հաշվարկներից բացի կարևոր է նաև մեկ շնչի հաշվով մակարդակների ուսումնասիրությունները:
Ծախսերի տնտեսագիտական բովանդակությունը հասկանալու համար կարևոր է առնվազն վերլուծել բյուջետային ծախսերի կառուցվածքն ըստ ընթացիկ և կապիտալ ծախսերի: Հասկանալ, սրանցից յուրաքանչյուրի կշիռը և դրա փոփոխությունը ուսումնասիրվող բյուջետային տարվա ընթացքում:
Այս վերլուծությունները հավասարապես կարելի է իրականացնել թե՛ պլանավորված բյուջեի մակարդակում, և թե՛ կատարված բյուջեի մակարդակում: Առաջին դեպքում դա մեզ թույլ է տալիս գնահատել, թե ինչպիսի ծախսային քաղաքականություն է կառավարությունը նախատեսում և դրա հիմքում տնտեսական զարգացման ինչ կանխատեսումներ են առկա, երկրի պարտավորությունների ինչպիսի փոփոխությունների կարող է հանգեցնել ընտրված քաղաքականությունը: Փաստացի բյուջեի վերլուծությամբ ամրագրվում են փաստերը և իրականացված հարկաբյուջետային քաղաքականության արդյունքները կոնկրետ բյուջետային տարում:
Շատ կարևոր է նաև պլանավորած և փաստացի բյուջեների համապատասխան ցուցանիշների համադրումները: Հայտնի է, որ տարբեր օբյեկտիվ պատճառներով տարվա ընթացքում բյուջետային փաստաթուղթը կառավարության կողմից կարող է վերանայվել և ճշգրտվել: Հետևաբար, բյուջեի կատարման ցուցանիշները կառավարությունը սովորաբար համեմատում է ճշգրտված բյուջետային ցուցանիշների հետ: Մինչդեռ, եթե հասարակությունը նպատակ ունի գնահատել կառավարության կողմից քաղա-քականությունների պլանավորման և իրականացման որակը, հետևողականությունը և տարվա ընթացքում բյուջետային փոփոխությունների ծավալը, ապա ցանկալի է բյուջեի կատարման ցուցանիշները համեմատել նույն տարվա բյուջեի մասին օրենքով պլանավորված ցուցանիշների հետ: Նույն նպատակի համար կարելի է նաև համեմատել բյուջետային ծախսերի ճշգրտված մակարդակները՝ բյուջեի մասին օրենքով հաստատված համապատասխան ցուցանիշների հետ: