Հուլիսի 18-ին՝ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած երիտասարդ մասնագետների ուսումնական ծրագրի խորացված և գործնական հմտությունների զարգացման փուլի և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների բյուջետային ուսումնական ծրագրի դեմ առ դեմ փուլի շրջանակներում տեղի ունեցան վարպետաց դասեր ծրագրային բյուջետավորման և մասնակցային բյուջետավորման շուրջ հանրային քննարկումների վերաբերյալ։
Երիտասարդ մասնագետների հետ վարպետաց դաս անցկացրեց պետական ֆինանսների կառավարման փորձագետ, հրավիրյալ դասախոս Բելա Գրիգորյանը։ Հրավիրյալ դասախոսը խոսեց ծրագրային բյուջետավորման մասին՝ ներկայացնելով երիտասարդներին դրա հիմնական նպատակները, իրականացման արդյունավետ մեխանիզմները և արդյունքները։ Ապա անդրադարձ կատավեց ծրագրային բյուջետավորման համար անհրաժեշտ ռեսուրսներին, ինչպես նաև խոսվեց Հայաստանում ծրագրային բյուջետավորման բարեփոխումների ընթացքի և հիմնական շահառուների մասին։
Երիտասարդ մասնագետների վարպետաց դասին հաջորդեց ՔՀԿ/ԶԼՄ-ների վարպետաց դասը։ Վարպետաց դասն անցկացրեց Ծրագրի հրավիրյալ փորձառու դասախոս Սվետա Հարոսյանը, ով մանրամասն անդրադարձավ մասնակցային բյուջետավորմանը։ Վարպետաց դասի շրջանակներում ծավալվեց արդյունավետ քննարկում ինչպես ազգային մակարդակում մասնակցային բյուջետավորման, այնպես էլ միջազգային լավագույն փորձի վերաբերյալ։
Երկու վարպետաց դասերին ընթացքում էլ երիտասարդ մասնագետները և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչները՝ տեսական գիտելիքների ամրապնդման նպատակով իրականացրեցին մասնակցային բյուջետավորման և ծրագրային բյուջետավորման վերաբերյալ գործնական խմբային աշխատանքներ։
Ե՛վ երիտասարդ մասնագետները, և՛ ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչները վարպետաց դասերի շրջանակներում լրացրեցին գիտելիքների ստուգման սկզբնական և ապա վերջնական թեստերը մասնակցային բյուջետավորման շուրջ հանրային քննարկումների և ծրագրային բյուջետավորման վերաբերյալ։
Նշենք, որ դասընթացներն անցկացվում են հիբրիդային եղանակով՝ առկա և հեռավար ձևաչափերով՝ հնարավորություն տալով Երևանից հեռու մարզերի երիտասարդ մասնագետներին և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչներին մասնակցել դասընթացներին և ստանալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: