Հուլիսի 17-ին երիտասարդ մասնագետների և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցան վարպետաց դասեր մասնակցային բյուջետավորման շուրջ հանրային քննարկումների և ծրագրային բյուջետավորման վերաբերյալ։ Դասընթացներն իրականացվում ենք «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում։
Սկզբում վարպետաց դասն անցկացրեց Ծրագրի հրավիրյալ փորձառու դասախոս Սվետա Հարոսյանը։ Հրավիրյալ դասախոսն անդրադարձ կատարեց մասնակցային բյուջետավորմանը և դրա միջազգային փորձին։ Ապա, երիտասարդ մասնագետները հնչեցրեցին իրենց հարցերը մասնակցային բյուջետավորման մեխանիզմների, համայնքներում տեղական մասնակցային բյուջետավորման գործընթացների կազմակերպման և իրականացման վերաբերյալ։
Հաջորդիվ, ՔՀԿ/ ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ վարպետաց դաս անցկացրեց պետական ֆինանսների կառավարման փորձագետ, հրավիրյալ դասախոս Բելա Գրիգորյանը։ Վարպետաց դասի շրջանակներում փորձագետի կողմից ներկայացվեց ծրագրային բյուջետավորման հիմնական նպատակները, մեխանիզմները և արդյունքները։ ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների և դասախոսի միջև ծավալվեց արդյունավետ քննարկում ծրագրային բյուջետավորման համար անհրաժեշտ ռեսուրսների, Հայաստանում ծրագրային բյուջետավորման բարեփոխումների ընթացքի և հիմնական շահառուների վերաբերյալ։
Ե՛վ երիտասարդ մասնագետները, և՛ ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչները վարպետաց դասերի շրջանակներում լրացրեցին գիտելիքների ստուգման սկզբնական և ապա վերջնական թեստերը մասնակցային բյուջետավորման շուրջ հանրային քննարկումների և ծրագրային բյուջետավորման վերաբերյալ։
Նշենք, որ դասընթացներն անցկացվում են հիբրիդային եղանակով՝ առկա և հեռավար ձևաչափերով՝ հնարավորություն տալով Երևանից հեռու մարզերի երիտասարդ մասնագետներին և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչներին մասնակցել դասընթացներին և ստանալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: