Մարտի 15-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Բյուջեներ քաղաքացիների համար» (Budgets for citizens) ծրագրի շրջանակներում իրականացվող ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրի վերաբերյալ 3-րդ իրազեկման սեմինարը։
Հանդիպման սկզբում, Ծրագրի ղեկավար, ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը նախ ողջունեց մասնակիցներին իրենց մասնակցության և հետաքրքրվածության համար, ապա անդրադարձավ Ծրագրին՝ խոսելով դրա իրականացման նպատակի, մինչ այժմ իրականացված փորձագիտական և տեխնիկական աշխատանքների մասին։
Մասնակիցներին ներկայացվեց նաև Ծրագրի շրջանակներում ստեղծված budgets.am բյուջետային գիտելիքների փոխանակման հարթակը և դրա բաղադրիչները։
Խոսելով Ծրագրի շրջանակներում նախատեսվող ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների հմտությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրից, Ծրագրի ղեկավարը նշեց դրա առավելությունները, ընձեռվող հնարավորությունները և արդյունքները։
Այնուհետև Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը մասնակիցներին ներկայացրեց ուսումնական ծրագրի բյուջետային բաղադրիչը՝ խոսելով բյուջետային գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության բարձրացման կարևորության մասին։
ՔՀԿ ներկայացուցիչները հղեցին իրենց հարցերը բանախոսներին՝ հետաքրքրվելով ուսուցման ժամկետների, դրա արդյունքում տրամադրվող ենթադրամաշնորհների և ուսուցմանը դիմելու կարգի վերաբերյալ։
Սեմինարին մասնակցում էին «Դու կարող ես» ՀԿ ծրագրերի ղեկավար Լիանա Մարգարյանը, «Դու կարող ես» ՀԿ անդամ Տաթևիկ Հովհաննիսյանը, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ (ՄԶՄԿ) ներկայացուցիչ Արմեն Գալստյանը, «Ղողանջ» ՀԿ ներկայացուցիչ Գայանե Մերոյանը, Ազգային առաջնորդության ինստիտուտ գիտամշակութային ՀԿ գործադիր տնօրեն Քրիստինե Աջամյանը, Ազգային առաջնորդության ինստիտուտ գիտամշակութային ՀԿ ծրագրերի պատասխանատու Նինա Խաչատրյանը, ««Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման ՀԿ նախագահ Տիգրան Մաթևոսյանը։
Բյուջետային ուսումնական ծրագրով հետաքրքրված ՔՀԿ-ները և ԶԼՄ-ները կարող են մինչև սույն թվականի մարտի 30-ը ներառյալ գրանցվել այստեղ։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: