Վերջին երկու տասնամյակների ընթացքում քաղաքացիական հասարակության ներգրավումը բյուջետային գործընթացի տարբեր փուլերում դարձել է ձևավորված պրակտիկա։ Կառավարություններն իրենց քաղաքականության նպատակները կենսագործում են բյուջեի միջոցով, հետևաբար, բյուջեի վերլուծությամբ և շահերի պաշտպանությամբ (այսուհետ նաև ջատագովություն) զբաղվելը ՔՀԿ-ների համար հանրային քաղաքականության և ծրագրերի վերաբերյալ որոշումների վրա ազդելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է:
Սույն ուղեցույցը հիմնված է միջազգային փորձի և ՀՀ-ում բյուջետային գործընթացի շահերի պաշտպանության պրակտիկայի վրա։ Այն նախատեսված է ՔՀԿ-ների, ՔՀԿ-ների միավորումների (ցանցերի), բյուջետային ոլորտի փորձագետների, մասնագետների և բյուջետային գործընթացներով հետաքրքրված այլ շահագրգիռ կողմերի համար, որոնք մասնակցում են պետական և համայնքային բյուջեի մշակման գործընթացին, կարևորում են Հայաստանում մասնակցային բյուջեների ինստիտուտի կատարելագործումը, փաստարկված առաջարկների ներկայացումը և շահերի պաշտպանության իրականացումը, ինչպես նաև կառավարության որոշումների վրա ազդեցություն ունենալը։
Ուղեցույցը ներկայացնում է բյուջետային գործընթացի ՇՊ-ի հասկացությունը, ՇՊ-ի փորձը ՀՀ-ում, ՔՀԿ-ների համար ՇՊ-ի իրականացման գործիքները, ինչպես այն նաև հավելյալ կարողությունները, որոնք անհրաժեշտ են ՔՀԿ-ներին՝ բյուջետային գործընթացի ՇՊ իրականացնելու համար։