Սոցիալական պաշտպանությունը շարունակում է հանդիսանալ որպես ՀՀ պետական քաղաքականության գերակա ուղղություններից մեկը: 2023թ. աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնական խնդիրներն ուղղակիորեն կապված են ՀՀ կառավարության ծրագրի նպատակներին: Ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակներն են՝ երկրում աղքատության մակարդակի էական կրճատումը, ժողովրդագրական իրավիճակի բարելավումը և ՀՀ բնակչության առանձին խմբերի համար սոցիալական երաշխիքների ապահովումը: Վերոնշյալ նպատակին հասնելու համար սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվում է լայնածավալ պետական աջակցություն։
Կառավարության 5-ամյա (2021-2026 թթ.) ծրագրով նախատեսվել է մինչև 2026 թ. նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 85,000 դրամ, որին նպատակադրվել է հասնել աստիճանական բարձրացումների միջոցով։ 2023 թվականին 68,000 դրամից կբարձրանա մինչև 75,000 դրամ, իսկ ՀՀ բյուջեի հնարավորությունների առկայության պարագայում՝ 2024 թվականին 75,000 դրամից կբարձրանա մինչև 79,000 դրամ, 2025 թվականին 79,000 դրամից՝ մինչև 85,000 դրամ (ներառված չեն աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները)։
Պետական քաղաքականության շրջանակներում կարևորվում են սոցիալական պաշտպանության հզորացում և զարգացում հետևյալ բնագավառներում.
1. Ժողովրդագրություն և ընտանիքի սոցիալական երաշխիքներ.
- կշարունակվեն ընտանիքների անապահովության սոցիալական գնահատման համակարգի հասցեականության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը,
- նոր համակարգ ներդնելու աշխատանքները, որով կձևավորվի սոցիալապես անապահով, աղքատ ընտանիքների սոցիալական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների բազմազանության և դրանց տրամադրման համար անհրաժեշտ իրավական հենքը և որը սոցիալական աջակցության ծրագրերը կդարձնի ավելի հասցեական և նպատակային,
- կհզորացվեն նորաստեղծ միասնական սոցիալական ծառայության կարողությունները, կբարձրացվեն աշխատողների պրոֆեսիոնալիզմը,
- Կշարունակվեն սոցիալական դեպքի վարման գործառնական հենքի ձևավորման, ինչպես նաև տեղեկատվական համակարգի կատարելագործման աշխատանքները,
- Կշարունակվեն սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց կացարանի խնդրի լուծման նպատակով օրենսդրական բարեփոխումների, սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման, կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման հասցեական ծրագրերի իրականացման աշխատանքները, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը,
- Ծնելիությունը խթանելու և բազմազավակ ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով 2023 թվականի հունվարի 1-ից խնամքի նպաստ կնշանակվի մինչև երկու տարեկան երեխա ունեցող ծնողին՝ անկախ խնամքի արձակուրդում գտնվելու կամ գյուղական բնակավայրում բնակվելու հանգամանքից (գործող կարգով միայն այս երկու կատեգորիաներին է տրվում խնամքի նպաստ): Ընդ որում, խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար խնամքի նպաստը հաշվարկվելու է Կառավարության կողմից սահմանված տոկոսով նվազագույն աշխատավարձի նկատմամբ, իսկ խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար խնամքի նպաստի չափը չի կարող պակաս լինել արձակուրդում գտնվողի համար սահմանված չափի 85 տոկոսից։
2. Աշխատանք և զբաղվածություն.
- Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականության և արդյունավետության բարձրացումը,
- «կրթություն-աշխատաշուկա» փոխառնչությունների բարձրացումը, աշխատաշուկայում անմրցունակ, հատկապես` հաշմանդամություն ունեցող անձանց,
- երիտասարդների կայուն զբաղվածության ապահովմանն և ինքնազբաղվածության խթանմանը ուղղված զբաղվածության ակտիվ ծրագրերի իրականացումը,
- աշխատաշուկայի լարվածության մեղմումը,
- գործատուների շահագրգիռ ներգրավվածության խթանումը, գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերը որակյալ մասնագետներով համալրումը, պետական հատվածի աշխատողների սոցիալական երաշխիքների ընդլայնումը։
- Այս առումով խթանիչ է նաև 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացումը՝ 68,000 ՀՀ դրամից նախատեսվում է բարձրացնել 75,000 ՀՀ դրամ։
3. Երեխաների հիմնահարցեր.
- կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության աջակցությունը
- հաստատություններում նրանց խնամքի, դաստիարակության, ուսման և ֆիզիկական զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմում,
- թրաֆիքինգի և սեռի հատկանիշով բռնության երևույթի կանխարգելմանը,
- Կշարունակվի երեխաների՝ շուրջօրյա խնամքի հաստատություններից դուրսբերումը և ընտանիքների հետ վերամիավորումը:
4. Մարդկանց թրաֆիքինգ և կանանց հիմնահարցեր.
- թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց, ինչպես նաև ընտանիքում բռնության ենթարկված անձանց օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների տրամադրմումը։
5. Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցեր.
- հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովում` հաշմանդամություն ունեցող անձի գնահատված կարիքին համարժեք ծառայությունների մատուցման միջոցով:
6. Տարեցների հիմնահարցեր.
- Տարեց և հաշմանդամություն (այդ թվում՝ հոգեկան առողջության խնդիրներ) ունեցող անձանց մատուցվող շուրջօրյա, տնային պայմաններում ու ցերեկային խնամքի ծառայությունների տրամադրման զարգացում։ 2023 թվականից սկսած՝ խնամքի ծառայությունները տրամադրվելու են արդեն բարելավված չափորոշիչներով՝ առաջին հերթին մեծացնելով խնամող անձնակազմի թվաքանակը։ Նախատեսված է նաև շուրջօրյա խնամքի կենտրոնների վերանորոգում, որի սկիզբը դրվելու է 2023 թվականին։
7. Կենսաթոշակային ապահովություն.
2023 թ. 2-րդ կիսամյակի ընթացքում նախատեսվում է բարձրացնել՝
1) նվազագույն կենսաթոշակի չափը` 36 000 դրամ,
2) աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 36,000 դրամ,
3) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը (նախատեսվում է կենսաթոշակային օրենսդրությամբ վերանայել կենսաթոշակների հաշվարկման բանաձևը՝ ստաժի համար սահմանելով ընդհանուր մեկ արժեք)` 525 դրամ,
4) զինվորական կենսաթոշակը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 20,000 դրամ,
5) զինվորական ծառայության մեկ տարվա արժեքը՝ 1,750 դրամ,
6) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`
ա. առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ հասցնել 50,600 դրամի,
բ. երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ հասցնել 41,400 դրամի,
գ. երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ հասցնել 38,000 դրամի,
7) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ հասցնել 38,000 դրամի։
8) Սոցիալական ապահովութուն.
- 2023թ. ցուցանիշները մշակելիս հաշվի են առնվել սոցիալական ապահովության ոլորտի (մասնավորապես՝ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների մասով) հիմնական ցուցանիշների՝ 2022 թ. սեպտեմբերի 1-ից բարձրացված չափերը և դրանց՝ 2023 թ. ընթացքում նախատեսվող բարձրացումները։ Մասնավորապես, կանխատեսումներում հիմք են ընդունվել հետևյալ ցուցանիշները՝
– ծերության, հաշմանդամության (բացառությամբ «հաշմանդամ երեխա» կարգավիճակն ունեցող անձի դեպքում), կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը 2023 թ. 2-րդ կիսամյակի ընթացքում նախատեսվում է 36 000 դրամ (երկկողմանի ծնողազուրկ երեխայի դեպքում նպաստի չափը՝ 111 600 դրամ),
– հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում նպաստի չափը փոխկապակցել հաշմանդամության խմբի հետ և սահմանել՝
ա. մանկուց հաշմանդամ երեխայի նպաստը՝ 41 000 դրամ
բ. 1-ին խումբ հաշմանդամության նպաստը՝ 39 600 դրամ
գ. 2-րդ խումբ հաշմանդամության նպաստը՝ 37 800 դրամ
դ. 3-րդ խումբ հաշմանդամության նպաստը՝ 36 000 դրամ:
- Մինչ ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների (ԸԿԲՆ) համակարգի վերանայումը 2023 թ. ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստ կտրամադրվի շուրջ 89,629 ընտանիքի, իսկ նպաստի միջին ամսական չափը կկազմի շուրջ 33,350 դրամ: Հաշվի առնելով երեխաներին սոցիալական աջակցություն տրամադրելու առաջնահերթության սկզբունքը` հաշվարկներում կանխատեսվել է, որ 89,629 ընտանիքի գերակշռող մասը կկազմեն երեխա ունեցող ընտանիքները:
2023 թվականին սոցիալական պաշտպանության ծրագրերի պետական ֆինանսավորման ծավալներում կարևորվում են կենսաթոշակային և սոցիալական ապահովությունը, ժողովրդագրական վիճակի բարելավումը և անապահով սոցիալական խմբերին աջակցությունը:
Սկզբնաղբյուրը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն «Քաղաքացու բյուջե 2023»։