Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագրի իրականացումը պայմանավորված է հողերի մասնատվածու¬թյան մակարդակի կրճատման, արտադրողականության բարձրացման, բերրիության պահպանման ու բարձրացման, ներդրումների ներգրավման անհրաժեշտությամբ: Ծրագրով նախատեսվում է 2023-2025 թվականներին պետական աջակցության միջոցով խթանել գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը։ Մասնավորապես, նախատեսվում է 30 հա և ավելի մակերեսով հողերի միավորման և ծրագրով նախատեսված աշխատանքների (հողերի մելիորացման և ջրավազանի կառուցման) կատարման համար այդ աշխատանքների ծախսերը փոխհատուցել 50%-ի չափով, սակայն ոչ ավելի, քան 200 հա մակերեսով միավորված հողերի վրա կատարված աշխատանքների համար։ Յուրաքանչյուր շահառուի համար սահմանված՝ միավորված հողամասի յուրաքանչյուր 1 հա-ի գնահատված ընդհանուր ծախսերի առավելագույն սահմանաչափը 2,760.0 հազ. դրամ է: Առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի միավորների քանակը պետք է լինի 30-100 հա (100 հա-ը ներառյալ) միավորված հողամասի դեպքում առնվազն 10 միավոր, 100-200 հա (200 հա-ը ներառյալ) միավորված հողամասի դեպքում առնվազն 20 միավոր, որոնք չեն ներառում մինչև փոխհատուցման պայմանագրի կնքումը շահառուին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը։ Ընդ որում մինչև փոխհատուցման պայմանագրի կնքումը շահառուին սեփականության իրավունքով պատկանող հողամաս(եր)ի ընդհանուր մակերեսի չափը չի կարող գերազանցել միավորված հողամասի ընդհանուր մակերեսի 20%-ը։ Ծրագրի շրջանակում 2023 թվականին նախատեսվում է կոնսոլիդացնել 1000 հա հողատարածք, որի համար պետական բյուջեով հատկացվել է 1,380,000.0 հազ. դրամ:
Հայաստանի Հանրապետությունում հողային բարեփոխումների փորձնական ծրագրի նպատակն է տարբեր գործիքների կիրառմամբ (գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռքբերում, օտարում, միջնորդությունների իրականացում, փոխանակում) նպաստել հողերի միավորմանը (կոնսոլիդացիային), հողերի շուկայի զարգացմանը և հողերի օգտագործման մակարդակի բարձրացմանը։ Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով մինչև 2023 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակը՝ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան, Հայթաղ, Մայիսյան և Նորակերտ բնակավայրերում։ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծրագրին համապատասխան՝ հողերի ձեռքբերման, վաճառքի, վարձակալության և միջնորդության միջոցով իրականացնում է գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) ծրագրեր, այդ ծրագրերի շրջանակներում իր կողմից ձեռք բերված հողերի բարելավման աշխատանքներ, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքում է հողային գործարքների վճարովի մատուցման պայմանագրեր: Համաձայն ուսումնասիրությունների նախանշված 4 բնակավայրում չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1400 հա, ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է չօգտագործվող հողերի մակերեսը նվազեցնել 900 հա-ով: Ծրագրի շրջանակում 2023 թվականին պետական բյուջեով հատկացվել է 1,000,000.0 հազ. դրամ:
Շարունակվում է տնտեսավարողներին մատչելի պայմաններով գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրումը, արդյունքում՝ մեքենատրակտորային հավաքակազմի աստիճանական նորացումը: Գյուղատնտեսության ոլորտում ծրագրի մեկնարկից մինչ 2022 թվականի դեկտեմբերի 1-ը ձեռք է բերվել 2361 միավոր նոր գյուղատնտեսական տեխնիկա, 2023 թվականին նախատեսվում է տեխնիկայի հավաքակազմը թարմացնել ևս 500 միավորով, որի արդյունքում էլ նպաստավոր պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսական հողատարածքների արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման համար։ Ծրագրի շրջանակում 2023 թվականին պետական բյուջեով հատկացվել է 633,548.1 հազ. դրամ:
ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական կենսունակ համակարգի ներդրումը երկրի տնտեսության ագրարային հատվածի կայուն ու համաչափ զարգացման հիմնական նախապայմաններից է: ՀՀ մարզերում կշարունակվեն ծիրանի, խաղողի, դեղձի, խնձորի, սալորի, կեռասի և բալի այգիների և աշնանացան ու գարնանացան ցորենի, գարու և վարսակի, կարտոֆիլի, ձմերուկի և սեխի ցանքատարածությունների ապահովագրման պետական աջակցությունը՝ կարկուտ և հրդեհ, գարնանային ցրտահարություն ու երաշտ ռիսկերից։ Միջոցառման շրջանակում 2023 թվականին նախատեսվում է ապահովագրել մինչև 10000 հա տարածք, իսկ ծրագրի մեկնարկից սկսած ապահովագրվել է շուրջ 14640 հա։ Ծրագրի շրջանակում 2023 թվականին պետական բյուջեով հատկացվել է 739,927.1 հազ. դրամ:
Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը մեկնարկել է 2017 թվականի օգոստոս ամսից: Ծրագրի հիմնական նպատակը հանրապետության տարածքում գործող գյուղատնտեսական հումք մթերող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացումն է: Ծրագրի մեկնարկից սկսած մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը հաստատվել է 450 շահառուի 85256․2 մլն դրամի չափով վարկ, որոնց շրջանակներում գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել են 55726 հատ բերքի գնման պայմանագիր, իսկ տրամադրված սուբսիդավորման գումարը կազմել է 7137․0 մլն դրամ։ 2023 թվականին նախատեսվում է սուբսիդավորել ևս 50 շահառուի տրամադրվող վարկերի տոկոսադրույքները՝ 3,495,999.7 հազ. դրամ ֆինանսական միջոցների ներգրավմամբ:
Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը մեկնարկել է 2018 թվականի հուլիս ամսից։ Ծրագրի հիմնական նպատակը ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է։ Ծրագրի մեկնարկից սկսած մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը հաստատվել է 603 շահառուի 34365.1 մլն դրամի չափով լիզինգ, որոնց շրջանակներում ձեռք է բերվել 2174 միավոր սարքավորում, իսկ տրամադրված սուբսիդավորման գումարը կազմել է 3087.0 մլն դրամ։ 2023 թվականին նախատեսվում է սուբսիդավորել ևս 40 շահառուի տրամադրվող լիզինգների տոկոսադրույքները՝ 2,004,699.8 հազ. դրամ ֆինանսական միջոցների հատկացմամբ:
Սկզբնաղբյուրը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն «Քաղաքացու բյուջե 2023»։