«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն` «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում 2025թ. հուլիս-2026թ. հունվար ամիսների ընթացքում իրականացրել է «Արդարադատության ոլորտում շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում» ենթադրամաշնորհային ծրագիրը։ Այն շարունակությունն էր նախորդ՝ «Արդարադատության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծության իրականացում» ծրագրի, որի արդյունքները հիմք հանդիսացան ոլորտում քաղաքականության բարելավմանն ուղղված նախաձեռնությունների համար։
Ծրագրի շրջանակներում իրականացված նպատակային ջատագովության և քաղաքականության երկխոսության արդյունքում «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի կողմից մշակված և ներկայացված առաջարկությունը ընդունվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից։ Մասնավորապես, ՀՀ վարչապետի 2026թ. հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» թիվ 8-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցով բյուջետային հայտերի հանրային քննարկման համար սահմանվել է երկու ամիս՝ 2026թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 1-ը։ Նախկինում քննարկումների ժամկետը տևում էր ընդամենը մի քանի օր, ինչը սահմանափակում էր քաղաքացիական հասարակության արդյունավետ մասնակցությունը բյուջետային գործընթացին։
Այս փոփոխությունը հնարավորություն է տալիս քաղաքացիական հասարակության կազմակերպություններին մանրամասն ուսումնասիրել հրապարակված առաջարկները և ներկայացնել ապացույցների վրա հիմնված առաջարկություններ՝ բարձրացնելով բյուջետային գործընթացի որակը, ներառականությունն ու արդյունավետությունը։
Այս օրինակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ լավ հիմնավորված և թիրախային ջատագովությունը կարող է իրական ազդեցություն ունենալ քաղաքականությունների բարելավման և համակարգային փոփոխությունների հասնելու գործընթացում։
