Սույն զեկույցը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հետբուհական կրթությունը բյուջեի լեզվով» ֆինանսական թափանցիկություն և հաշվետվողականություն» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Զեկույցի առաջին և երրորդ բաժիններում, ի թիվս այլ հասկացությունների՝ օգտագործված են հետբուհական կրթություն, ասպիրանտ, ասպիրանտուրա, հայցորդ և այլ հասկացություններ։ Մինչդեռ նոր օրենքում հետբուհական կրթություն հասկացություն առկա չէ, փոխարենը օգտագործվում է բարձրագույն կրթության երրորդ մակարդակ հասկացությունը։ Նոր օրենքով՝ բուհական կրթության երրորդ մակարդակի կրթության կազմակերպման համար պատասխանատու են դոկտորական դպրոցները, վերջինս լրիվ նոր հասկացություն է։ Եվ քանի որ ասպիրանտուրա/ասպիրանտ հասկացություններ այլևս առկա չեն կամ ավելի ճիշտ է ասել՝ գործածությունից դուրս են գալիս, բարձրագույն կրթության բոլոր երեք մակարդակներում սովորողները համարվում են ուսանող։ Նոր օրենքից բացակայում է նաև հայցորդությունը որպես գիտական աստիճանի հայցման ձև, հայցորդության ինստիտուտը դադարում է գործել։
Զեկույցի երրորդ բաժնում ամփոփված են ուսումնասիրության ընթացքում իրականացված հարցման և փորձագիտական հարցազրույցների արդյունքները։ Հարցումն իրականացվել է գործող ասպիրանտների և հայցորդների շրջանում։ Քանի որ նոր օրենքով այս կարգավիճակները (օրենքի ընդունումից առաջ և այդ պահին) շարունակում են համապատասխան պայմաններում և ժամանակահատվածում (կարգավորված է նոր օրենքի անցումային և եզրափակիչ դրույթներով) իրավազոր լինել, ինչպես հարցման ընթացքում, այնպես էլ դրա արդյունքներն ամփոփելիս օգտագործվել են դեռևս գործածության մեջ գտնվող հասկացություններն ու կատեգորիաները։ Զեկույցի երրորդ բաժինն ամփոփվում է ուսումնասիրության արդյունքում բացահայտված խնդիրներով և դրանց բարելավման ուղղությամբ առաջարկներով։
