Սոցիալական աջակցության ոլորտ․ «Ժողովրդագրական վիճակի բարելավում» ծրագրի ֆինանսավորումը 2025 թվականին

2025-04-09 11:56

2025 թվականին պետական բյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտի «Ժողովրդագրական վիճակի բարելավում» ծրագրին (դասիչ 1068) նախատեսվել է հատկացնել 80.1 մլրդ դրամ, ինչը կազմում է սոցիալական պաշտպանության ընդհանուր բյուջեի 9 տոկոսը։ Ծրագրի ֆինանսավորումն աճել է 17․2 տոկոսով՝ նախորդ տարվա 68․3 մլրդ դրամի համեմատ ավելանալով 11.7 մլրդ դրամով։ 

Ծրագրի շրջանակում 2025 թվականին նախատեսվում է իրականացնել  6 հիմնական միջոցառումներ՝ ուղղված ծնելիության խթանմանը և բազմազավակ ընտանիքների սոցիալական ապահովվածությանը։ Դրանք են՝

11001 – Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման   ապահովում

12001 – Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրում

12002 – Երեխայի ծննդյան միանվագ նպաստ

12003 – Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման աջակցություն

12004 – Դրամական աջակցություն ընտանիքում 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին

12005 – Զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցման տրամադրում

Ծրագրի բյուջեի ամենամեծ մասը՝ 38 տոկոսը կամ 30․2 մլրդ դրամը, նախատեսվում է ուղղել մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի տրամադրմանը։ Այս միջոցառման ֆինանսավորումը նախորդ տարվա համեմատ աճել է 7․9 տոկոսով։

Ֆինանսավորմամբ երկրորդ խոշոր միջոցառումն ընտանիքում 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին տրամադրվող աջակցության ծրագիրն է, որի համար 2025 թվականին նախատեսվել է հատկացնել 27․1 մլրդ դրամ՝ ամբողջ ծրագրի բյուջեի 34 տոկոսը։

2025 թվականին նախորդ տարվա համեմատ «Ժողովրդագրական վիճակի բարելավում» ծրագրի միջոցառումների ֆինանսավորման մեջ տեղի են ունեցել էական փոփոխություններ, մասնավորապես՝ 84․4 տոկոսով նվազել է «Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման ապահովում» միջոցառման ֆինանսավորումը, 55․5 տոկոսով աճել է «Դրամական աջակցություն ընտանիքում 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին» միջոցառման ֆինանսավորումը և 21․3 տոկոսով աճել է «Զոհված զինծառայողների ծնողների՛ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ևսպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցման տրամադրում» միջոցառման ֆինանսավորումը։

Հայաստանում ժողովրդագրական վիճակի բարելավումը ռազմավարական նշանակություն ունեցող հարց է, և նման ծրագրերի իրականացումը կարևոր քայլ է՝ ժողովրդագրական կայունության ապահովման համար։

Ժողովրդագրական խնդիրների լուծումն արագ արդյունք չի տալիս, բայց հետևողական քաղաքականությունը կարող է երկարաժամկետ հեռանկարում ստեղծել ավելի կայուն ու առողջ հասարակություն։

Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում: 

This site is registered on wpml.org as a development site.