Տնտեսագիտական դասակարգումը ծախսերի խմբավորումն է դրանց տնտեսական բովանդակությանը համապատասխան:
Այս դասակարգմամբ ծախսերը բաշխվում են ըստ 2 հիմնական կատեգորիաների՝
- ընթացիկ ծախսեր
- կապիտալ ծախսեր (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր)։
Սրանք էլ իրենց հերթին բացվում են ըստ առանձին ուղղությունների /տես ստորև/։
Ելնելով հետազոտության նպատակներից՝ տնտեսագիտական դասակարգումը կարելի է կիրառել և՛ պետական բյուջեի ընդամենը ծախսերի բնույթը, և՛ առանձին գերատեսչությունների ծախսերի կառուցվածքը, և՛ բյուջետային առանձին ծրագրերի կամ միջոցառումների շրջանակներում իրականացվող ծախսային միջամտությունների տեսակները և կազմակերպման տարբեր այլընտրանքները ներկայացնելու համար։
Բյուջեի ընդամենը ծախսերի դեպքում կարևոր է ներկայացնել կապիտալ և ընթացիկ ծախսերի հարաբերակցությունը։ Ընդ որում, վերլուծության օբյեկտ կարող են հանդիսանալ նաև միայն ներքին ռեսուրսների հաշվին կատարվող կապիտալ ծախսերը (առանց արտաքին օժանդակության)։
Պետք է հիշել, որ համաձայն «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկաբյուջետային կանոնների, երբ կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցում է 40 տոկոսը, ապա կապիտալ ծախսերը չպետք է փոքր լինեն պետական բյուջեի պակասուրդից: Օրինակ, 2021 թվականին կառավարության պարտքը գերազանցել է ՀՆԱ-ի 60 տոկոսը՝ կազելով 60.3 տոկոս։ Ըստ այդմ, 2022 թվականին պլանավորված կապիտալ ծախսերը կազմել են 351.9 մլրդ դրամ (որից 221.6 մլրդ դրամը միայն բյուջետային ռեսուրսների հաշվին), իսկ պակասուրդը՝ 236.6 մլրդ դրամ։
Ե՛վ ընթացիկ, և՛ կապիտալ ծախսերի կառուցվածում, ելնելով վերլուծության նպատակից, կարող է ուսումնասիրվել և ներկայացվել ծախսային բաղադրիչներից յուրաքանչյուրն առանձին-առանձին։
Օրինակ, վարչական/պահպանման ծախսերի դեպքում կարող է հետաքրքրել տվյալ մարմնի աշխատավարձի ֆոնդը, կապիտալ ծախսերի դեպքում՝ ձեռք բերվող մեքենաների կամ որևէ այլ սարքավորման ֆինանսավորման մակարդակը, պետական մարմնի հիմնանորոգմանն ուղղվող ֆինանսական ռեսուրսները և այլն:
Պետական բյուջեի ընթացիկ ծախսերի կարևորագույն բաղադրիչներից են սուբսիդիաները և դրամաշնորհները։
Վերջիններիս վերլուծությունը թույլ է տալիս հասկանալ պետական բյուջեից համայնքներին, պետական և ոչ պետական կազմակերպություններին, անհատներին, նաև՝ միջազգային գործընկերներին տրամադրվող անհատույց և անվերադարձ դրամական աջակցությունը:
Համայնքներին տրամադրվող դրամաշնորհները կարող են լինել դոտացիաների և սուբվենցիաների տեսքով: