Բյուջետային որոշումները ընդունվում են երկրի սոցիալական, տնտեսական և քաղաքական պայմաններով և հատուկ են կոնկրետ երկրին: Որպես բյուջեի ջատագով, փոփոխությունն իրականացնելու համար պետք է գնահատել այն միջավայրը, որտեղ շահերի պաշտպանություն իրականացնող սուբյեկտը աշխատում է՝ բացահայտելով այն գործոններն ու պայմանները, որոնք կարող են շահերի պաշտպանության վրա ունենալ դրական կամ բացասական ազդեցություն:
Ներկայացված օրինակները կարող են ծառայել որպես վերը նշված պայմանների ուղենիշներ։
Իրավական միջավայր, հարկաբյուջետային թափանցիկություն և քաղաքացիական հասարակության մասնակցություն. որոշ երկրներ ունեն իրավական, քաղաքական կամ գործնական խոչընդոտներ, որոնք դժվարացնում են տարբեր ոլորտների բյուջետային գործընթացի փուլերում ներգրավվելը, բյուջեները վերլուծելու համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը, բյուջեի վերլուծության ժամանակին կատարումը։ Հարկաբյուջետային թափանցիկության բացակայությունը կարող է խանգարել բյուջետային գործընթացներում ակտիվ մասնակցությանը, սահմանափակել այն հնարավորությունները, որոնցով կարելի է պարտավորեցնել կառավարությանը լինել հաշվետու։
Ի՞ՆՉ ՁԵՌՆԱՐԿԵԼ
|
ՔՀԿ-ները կարող են ուսումնասիրել իրենց երկրում բյուջետային գործընթացների թափանցիկության մակարդակը։ Ուսումնասիրության աղբյուրներից կարող են դիտարկվել մասնագիտացված ՔՀԿ-ների կատարած վերլուծություններն ու հետազոտությունները, Միջազգային բյուջետային գործընկերության հետազոտությունները։ |
Կոռուպցիա. երկրների պետական հատվածում կոռուպցիայի դրսևորումներն ու դրանց բնույթը տարբեր են։ Այն ոլորտները, որոնք կոռուպցիայի տեսանկյունից առավել ռիսկային են, որպես կանոն հանրային իշխանությունների կողմից չեն բարձրաձայնվում։ Ռիսկային ոլորտները բավականին տարբեր են, դրանք կարող ենք ներառել պետական գնումներ, մասնավոր ոլորտ, արտոնությունների և թույլտվությունների տրամադրում, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հայտարարագրեր ու շահերի բախում, և այլն:
Ի՞ՆՉ ՁԵՌՆԱՐԿԵԼ | ՔՀԿ-ները կարող են ուսումնասիրել իրենց երկրում կոռուպցիայի ընկալման մակարդակը։ Ուսումնասիրության աղբյուրներից կարող են դիտարկվել մասնագիտացված ՔՀԿ-ների կատարած վերլուծություններն ու հետազոտությունները, Կոռուպցիայի ընկալման համաթիվը։ |
Քաղաքական անկայունություն և չնախատեսված քաղաքական փոփոխություններ. ցանկացած երկրի քաղաքական իրավիճակը կարող է ազդեցություն ունենալ բյուջեի շահերի պաշտպանության գործընթացի հաջողության վրա: Այս գործոնները, իհարկե, դժվար է կանխատեսել, և հնարավոր է, որ դրանց լուծումն ու համապատասխան արձագանքը ստեղծի լրացուցիչ դժվարություններ, եթե առկա չէ նման դեպքերի համար նախապես մշակած ռազմավարություն:
Իրավական շրջանակ. Նախքան բյուջեի շահերի պաշտպանության գործընթացը սկսելը, անհրաժեշտ է համոզվել, որ շահերի պաշտպանության իրականացման նպատակը իրավական տեսանկյունից իրագործելի է և առկա չեն օրենսդրական խոչընդոտներ: Իրավական շրջանակը ներառում է ազգային իրավական ակտերը (սահմանադրություն, պետական բյուջեի մասին օրենք, այլ օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր՝ որոշում, հրամաններ, կարգադրություններ), ազգային հանրային քաղաքականությունները (ոլորտային ռազմավարական ծրագրերը, հայեցակարգերը) և միջազգային փաստաթղթերը (կոնվենցիաները, համաձայնագրեր, պայմանագրեր, օրինակ՝ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոնվենցիան մասնակից պետությունների համար սահմանում է պարտավորություն՝ ապահովել երեխաների պարտադիր և անվճար տարրական կրթություն)։
Ի՞ՆՉ ՁԵՌՆԱՐԿԵԼ | Նախքան բյուջեի շահերի պաշտպանության գործընթացի մեկնարկը ՔՀԿ-ներին խորհուրդ է տրվում ուսումնասիրել թիրախային ոլորտի իրավական կարգավորումները, պետության միջազգային պարտավորությունները (հանձնառությունները), դրանց կատարման մակարդակն ու գնահատականները, մասնագիտացված ՔՀԿ-ների կատարած վերլուծությունները, հետազոտությունները և այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցները։ |
Հասկանալ պետական բյուջեն, դրա ձևաչափը և հիմնական օրենսդրությունը․ Պետական բյուջեն հեռանկարային փաստաթուղթ է, որը սահմանում է, թե որքան գումար է (օրինակ՝ եկամուտները) մուտքագրվում, որտեղից է այն գալիս և ինչ նպատակով է այն ծախսվելու (օրինակ՝ ծախսերը): Այն սովորաբար ընդգրկում է որոշակի ժամանակահատված, որը հաճախ կոչվում է ֆինանսական տարի և արտացոլում է գործող կառավարության քաղաքականության առաջնահերթությունները:
Պետական բյուջեն կարևորագույն փաստաթուղթ է, որը ներկայացնում է հանրային քաղաքականությունը և կառավարության պարտավորություններն ու հանձնառությունները՝ ուղղված հասարակության բարեկեցությանը: Այն հիմնվում է պետական քաղաքականության և առաջնահերթությունների վրա և ապահովում դրանց կատարումը, հետևաբար, խիստ կարևոր է, որ շահերի պաշտպանություն իրականացվի այն ոլորտներում, որոնք ներառված են ազգային քաղաքականության փաստաթղթերում կամ կառավարության կողմից ճանաչված են գերակա ուղղություն։
Ի՞ՆՉ ՁԵՌՆԱՐԿԵԼ
|
ՔՀԿ-ները կարող են ստուգել՝ արդյո՞ք թիրախային ոլորտը ընդգրկված է կառավարության գերակա ուղղությունների շարքում։ Եթե ստուգման ընթացքում պարզ է դառնում, որ այդ ոլորտը ներառված չէ գերակա ուղղությունների շարքում կամ ազգային քաղաքականության փաստաթղթերում, հաջորդիվ կարող են ուսումնասիրել այդ ոլորտում պետության ստանձնած հիմնական միջազգային պարտավորություններն ու հանձնառությունները (օրինակ՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակները), որից բխեցնելով կարող են կառուցել իրենց շահերի պաշտպանության գործընթացը։ |
Տեղեկությունը՝ «Բյուջետային գործընթացի հետ կապված շահերի պաշտպանության և ՔՀԿ-ների հարակից հմտությունների միջազգային և հայաստանյան փորձի ուսումնասիրություն»-ից, որն իրականացվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։