Յուրաքանչյուր երկրում իրավասու մարմինը (օրինակ՝ ՀՀ-ում այդ մարմինը Հաշվեքննիչ պալատն է, Հնդկաստանում՝ Վերահսկիչ և Գլխավոր աուդիտորը, Ինդոնեզիայում՝ Աուդիտի խորհուրդը, Ղազախստանում Բարձրագույն աուդիտորական պալատը) հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորվող պետական և տեղական մարմիններում և հիմնարկներում: Որպես կանոն, հաշվեքննություն չի իրականացնում պետական և համայնքային բյուջեների միջոցներից չֆինանսավորվող պետական և տեղական մարմիններում և հիմնարկներում:
Ինչպե՞ս ներգրավվել գործընթացում
Բյուջեի նկատմամբ վերահսկողությունը շարունակական գործընթաց է, որն ընդգրկում է բյուջետային պարբերաշրջանի բոլոր փուլերը։ Այդուհանդերձ, պետք է նկատի ունենալ, որ բյուջետային վերահսկողության աշխատանքի հիմնական մասը կատարվում է բյուջեի պարբերաշրջանի վերջում՝ աուդիտի շրջանակներում կամ ՔՀԿ-ների կողմից իրականացվող այլընտրանքային հասարակական մոնիթորինգի շրջանակներում:
Ի՞նչ տեղեկատվություն է անհրաժեշտ այս փուլում ջատագովություն իրականացնելու համար և որն է ջատագովության նպատակը
Նախորդ փուլերում իրականացված բյուջեի վերլուծություններին պետք է ավելացնել նաև այն հիմնական փաստարկված առաջարկությունները, որոնք նպատակ ունեն բարելավել հատկորոշած խնդիրները, լուծել հատկացումների և ծախսերի ուղղություններում վեր հանված բացերը, ինչպես նաև անդրադառնալ մարդու իրավունքների խախտումներին և որակի խնդիրներին:
Այստեղ ենթափուլի նպատակն է՝ բացահայտել բյուջեի ոչ արդյունավետ օգտագործումը, որակի խնդիրները, մարդու իրավունքների և այլ մարտահրավերների հետ կապված խնդիրները, և հորդորել կառավարությանը փոխել իր գործելակերպը (օրինակ՝ բյուջեի ոչ արդյունավետ օգտագործումը, հնարավոր կոռուպցիոն դրսևորումներին հակազդումն ու դրանց կանխարգելումը) կամ բարելավել հատկացումները՝ հաջորդ տարիներին։
Ի՞նչ նվաճում կունենան ՔՀԿ-ները՝ մասնակցության արդյունքում
ՔՀԿ-ների կողմից վեր հանված խնդիրները կարող են նվազեցվել, հանրությանը մատուցվող ծառայությունները կարող են դառնալ առավել մատչելի և հասանելի, թիրախային ոլորտների ծառայությունների որակը և ծախսերի արդյունավետությունը կարող է էականորեն բարելավվել։
Որո՞նք են ՔՀԿ-ներին ներգրավվելու հիմնական խոչընդոտները
- ֆիսկալ թափանցիկության բացակայությունը,
- համապատասխան տեղեկատվության բացակայությունը,
- բյուջետային վերլուծությունների և շահերի պաշտպանություն իրականացնելու կարողությունների պակասը,
- համախոհների, ռազմավարական գործընկերների և ազդեցության բացակայությունը։
Ամփոփելով սույն բաժինը, պետք է նշել, որ սրանք այն հիմնական չորս փուլերն են, որոնք հարկավոր է բյուջեի փաստահեն շահերի պաշտպանության իրականացման համար։ Այս մասում նաև ամփոփ կերպով նշվել են այն հիմնական վերահսկողության գործիքները, որոնք ՔՀԿ-ները կարող են կիրառել բյուջեի ջատագովության նպատակով։ Այդուհանդերձ, գործիքների մասին առավել մանրամասն ներկայացված է սույն ուսումնասիրության «Բյուջետային գործընթացում հանրային վերահսկողություն իրականացնելու հիմնական գործիքները» մասում։