Բյուջեի ընդունում

2023-12-14 10:08

Այս գործընթացը որպես կանոն կազմակերպվում է հետևյալ կերպ․ Ֆինանսների նախարարությունը բյուջեի նախագիծը ներկայացնում է հանրային լսումների և օրենսդիր մարմնի (խորհրդարանի) հաստատմանը։ Բյուջեի նախագիծը քննարկվում է օրենսդիր մարմնում, հաստատվում (երբեմն՝ փոփոխություններով), այնուհետև ընդունվում է համապատասխան օրենքը։ Այս փուլը սովորաբար տեղի է ունենում, երբ բյուջեի մասին տեղեկատվությունը դառնում է հանրությանը հասանելի:

Ինչպե՞ս ներգրավվել գործընթացում

Այս փուլը, ընդհանուր առմամբ, ներառում է հանրային քննարկումների և լսումների կազմակերպում, և սա լավ հնարավորություն է ջատագովել այն հարցերի և առաջնահերթությունների շրջանակը, որոնք ներառված չեն բյուջետային հայտերի նախագծերում, կամ ներառված են, սակայն անհրաժեշտ են փոփոխությունների և լրացումների կատարում։ Դա կարող է արվել քաղաքացիական հասարակության մասնակցությամբ հանրային լսումներին, կամ «բարեկամ օրենսդրի» (friendly legislator) միջոցով (օրինակ՝ խորհրդարանի այն անդամի միջոցով, որը համախոհ կամ գաղափարակից է այն հարցերի և առաջնահերթությունների վերաբերյալ, որոնց ուղղությամբ ՔՀԿ-ները իրականացնում են ջատագովություն)։

Հարկ է ևս մեկ անգամ ընդգծել, որ ՔՀԿ-ները կարող են նաև նպաստել բյուջեի ընդունման գործընթացին՝ օգտագործելով իրենց տեխնիկական հմտությունները և վերլուծելու բյուջեները կամ բյուջետային հայտերը, որին կհաջորդի այդ վերլուծությունների և վերհանված խնդիրների ու առաջարկների քննարկումը կառավարության, համայնքի և խորհրդարանի հետ՝ Կառավարություն/Խորհրդարան/ՏԻՄ և ՔՀԿ կառուցողական երկխոսության ձևաչափով։ Այս համատեքստում ճիշտ է նկատել, որ թեև հաշվեքննիչ պալատները կարևոր դեր են խաղում կոռուպցիայի դեմ պայքարում, լավ կառավարումը դյուրացնելու և պետական ֆինանսների կառավարումն առավել արդյունավետ դարձելու գործում, սակայն նրանց կարողությունները և գործադիր իշխանությունից իրական անկախությունը հաճախ սահմանափակ են, հատկապես զարգացող երկրներում: Նման պայմաններում ՔՀԿ-ների դերը՝ որպես բյուջեների նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնող օղակի, չափազանց կարևոր է։

Այս զարգացումների արդյունքում ՔՀԿ-ների ներգրավվածությունը բյուջեների մշակման գործընթացում արդեն դարձել է պրակտիկա: Համաձայն Միջազգային բյուջետային գործընկերության ներկայացրած վիճակագրության՝ բյուջետային գործընթացներում ՔՀԿ-ների դերը վերջին տասնամյակներում անհամեմատելի աճ է գրանցել։ Ավելացել է նաև այն երկրների թիվը, որոնք ՔՀԿ-ներին մասնակից են դարձնում բյուջեների քննարկման գործընթացներին։ Համեմատության համար հարկ է նշել, որ 1990-ականների վերջերին ընդամենը մի քանի երկիր էր, որ ուներ ՔՀԿ-ների հետ աշխատելու պրակտիկա։ Այս ՔՀԿ-ներն էլ իրենց հերթին շատ փոքր թիվ էին կազմում։ Այսօր այդ պրակտիկան ներդրված է 100-ից ավելի երկրներում՝ հարյուրավոր կազմակերպությունների մասնակցությամբ։ Ավելին, ՔՀԿ-ները զարգացրել են նաև ֆիսկալ եկամուտների և պետական բյուջեների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու, համեմատելու, գնահատելու, մեկնաբանելու, պարզեցնելու և շարունակական հիմունքներով տարածելու իրենց հմտությունները:

Ի՞նչ տեղեկատվություն է անհրաժեշտ այս փուլում ջատագովություն իրականացնելու համար և որն է ջատագովության նպատակը

Այս գործընթացում ՔՀԿ-ներին անհրաժեշտ կլինի այն նույն տեղեկատվությունը, որը պահանջվել բյուջեի ձևավորման փուլում։ Այստեղ ՔՀԿ-ների հիմնական նպատակն է համոզվել, որ նրանց կողմից ջատագովված ծառայությունների և առաջնահերթությունների ֆինանսավորումը հաստատված և ընդունված է: Եթե այս ծառայությունները և առաջնահերթությունները ներառված չեն բյուջեի ընթացիկ առաջարկներում (բյուջետային հայտերի նախագծերում), հարկավոր է օգտագործել հանրային լսումները և քննարկումների հարթակը՝ դրանք ջատագովելու նպատակով: Արդյունավետ ջատագովության արդյունքում, օրենսդիրը (օրինակ՝ խորհրդարանը) կարող է հետ վերադարձվել բյուջեի նախագիծը գործադիր մարմին՝ (օրինակ՝ ՖՆ-ը) և առաջարկել դրանում կատարել փոփոխություններ և լրացումներ։

Ի՞նչ նվաճում կունենան ՔՀԿ-ները՝ մասնակցության արդյունքում

ՔՀԿ-ների կողմից ջատագովված ծառայությունները և առաջնահերթությունները կարող են ընդգրկվել բյուջեի նախագծում։ Բացի այդ, բյուջեի նախագծից կարող են հանվել այն ծառայություններն ու առաջնահերթությունները, որոնք այդ պահի դրությամբ իրականում առաջնային չեն և չեն բխում պետության և հասարակության իրական կարիքներից։

Որո՞նք են ՔՀԿ-ներին ներգրավվելու հիմնական խոչընդոտները

  • ֆիսկալ թափանցիկության բացակայությունը,
  • պետական գերատեսչությունների շրջանում ՔՀԿ-ների մասնակցության փորձի վերաբերյալ տեղեկացվածության պակասը,
  • բյուջետային գործընթացների վրա ազդեցություն ունենալու տեսանկյունից շահերի պաշտպանություն իրականացնող ՔՀԿ-ների կամ առանձին մասնագետների սահմանափակ գիտելիքները, կարողությունները և հմտությունները,
  • համախոհների, ռազմավարական գործընկերների և գործընթացի նկատմամբ իրական ազդեցության բացակայությունը։

This site is registered on wpml.org as a development site.