Բյուջետային որոշումները ընդունվում են երկրի սոցիալական, տնտեսական և քաղաքական պայմաններով և հատուկ են կոնկրետ երկրին: Որպես բյուջեի ջատագով, փոփոխությունն իրականացնելու համար պետք է գնահատել այն միջավայրը, որտեղ շահերի պաշտպանություն իրականացնող սուբյեկտը աշխատում է՝ բացահայտելով այն գործոններն ու պայմանները, որոնք կարող են շահերի պաշտպանության վրա ունենալ դրական կամ բացասական ազդեցություն:
Ստորև ներկայացված օրինակները կարող են ծառայել որպես վերը նշված պայմանների ուղենիշներ։
Իրավական միջավայր, հարկաբյուջետային թափանցիկություն և քաղաքացիական հասարակության մասնակցություն. որոշ երկրներ ունեն իրավական, քաղաքական կամ գործնական խոչընդոտներ, որոնք դժվարացնում են տարբեր ոլորտների բյուջետային գործընթացի փուլերում ներգրավվելը, բյուջեները վերլուծելու համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը, բյուջեի վերլուծության ժամանակին կատարումը։ Հարկաբյուջետային թափանցիկության բացակայությունը կարող է խանգարել բյուջետային գործընթացներում ակտիվ մասնակցությանը, սահմանափակել այն հնարավորությունները, որոնցով կարելի է պարտավորեցնել կառավարությանը լինել հաշվետու։
Կոռուպցիա. երկրների պետական հատվածում կոռուպցիայի դրսևորումներն ու դրանց բնույթը տարբեր են։ Այն ոլորտները, որոնք կոռուպցիայի տեսանկյունից առավել ռիսկային են, որպես կանոն հանրային իշխանությունների կողմից չեն բարձրաձայնվում։ Ռիսկային ոլորտները բավականին տարբեր են, դրանք կարող ենք ներառել պետական գնումներ, մասնավոր ոլորտ, արտոնությունների և թույլտվությունների տրամադրում, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հայտարարագրեր ու շահերի բախում, և այլն:
Քաղաքական անկայունություն և չնախատեսված քաղաքական փոփոխություններ. ցանկացած երկրի քաղաքական իրավիճակը կարող է ազդեցություն ունենալ բյուջեի շահերի պաշտպանության գործընթացի հաջողության վրա: Այս գործոնները, իհարկե, դժվար է կանխատեսել, և հնարավոր է, որ դրանց լուծումն ու համապատասխան արձագանքը ստեղծի լրացուցիչ դժվարություններ, եթե առկա չէ նման դեպքերի համար նախապես մշակած ռազմավարություն:
Իրավական շրջանակ. Նախքան բյուջեի շահերի պաշտպանության գործընթացը սկսելը, անհրաժեշտ է համոզվել, որ շահերի պաշտպանության իրականացման նպատակը իրավական տեսանկյունից իրագործելի է և առկա չեն օրենսդրական խոչընդոտներ: Իրավական շրջանակը ներառում է ազգային իրավական ակտերը (սահմանադրություն, պետական բյուջեի մասին օրենք, այլ օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր՝ որոշում, հրամաններ, կարգադրություններ), ազգային հանրային քաղաքականությունները (ոլորտային ռազմավարական ծրագրերը, հայեցակարգերը) և միջազգային փաստաթղթերը (կոնվենցիաները, համաձայնագրեր, պայմանագրեր, օրինակ՝ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոնվենցիան մասնակից պետությունների համար սահմանում է պարտավորություն՝ ապահովել երեխաների պարտադիր և անվճար տարրական կրթություն)։
Հասկանալ պետական բյուջեն, դրա ձևաչափը և հիմնական օրենսդրությունը․ Պետական բյուջեն հեռանկարային փաստաթուղթ է, որը սահմանում է, թե որքան գումար է (օրինակ՝ եկամուտները) մուտքագրվում, որտեղից է այն գալիս և ինչ նպատակով է այն ծախսվելու (օրինակ՝ ծախսերը): Այն սովորաբար ընդգրկում է որոշակի ժամանակահատված, որը հաճախ կոչվում է ֆինանսական տարի և արտացոլում է գործող կառավարության քաղաքականության առաջնահերթությունները: