Ի՞նչ է նշանակում փաստահեն շահերի պաշտպանություն և ինչո՞ւ է այն կարևոր

2023-12-14 09:51

Բյուջեի փաստահեն շահերի պաշտպանությունը (Evidence-based budget advocacy) (այսուհետ նաև՝ ջատագովություն) բյուջեի վերլուծության և շահերի պաշտպանության ռազմավարության համակցությունն է: Այն պահանջում է պետական բյուջեների մանրակրկիտ ուսումնասիրություն, որի միջոցով բացահայտվում են ջատագովության այն ոլորտները, որտեղ կարող են հատկացվել կամ վերաբաշխվել պետական միջոցները, ինչին էլ հաջորդում է ռազմավարական քարոզչությունը՝ փոփոխություններ իրականացնելու նպատակով:

Բյուջեի եկամուտների (օրինակ՝ որքան գումար է մուտքագրվում) և ծախսերի (որքան գումար է ծախսվում) վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովումը, հնարավոր խնայողությունները և անարդյունավետությունը, ինչպես նաև շահերի պաշտպանության խնդրի լուծման ամենաարդյունավետ գործիքների ընտրությունը հանդիսանում են փաստահեն շահերի պաշտպանության կարևոր բաղադրիչները։ Բյուջեի փաստահեն շահերի պաշտպանությունը նշանակում է իրականացնել գիտելիքահեն և փաստահեն հետազոտություններ և վերլուծություններ, որոնք կծառայեն իբրև ապացույցներ՝ պետական բյուջեի բաշխման ցանկալի փոփոխությունը ջատագովելու համար:

Միջազգային բյուջետային գործընկերությունը բյուջեի շահերի պաշտպանությունը սահմանում է որպես կառավարությունների բյուջեի ընտրությունների վրա ազդելու ռազմավարական մոտեցում, որն ուղղված է հստակ և կոնկրետ արդյունքներ նվաճելուն։ Օրինակ աղքատության նվազեցում, բարելավված կառավարում և այլն։

Բյուջեի ջատագովության վերջնական նպատակը՝ թիրախային ոլորտներում կայուն և արդյունավետ ներքին ֆինանսավորման նախատեսումն է, որը հարմարեցվում է տվյալ երկրում մարդկանց կարիքներին:

Բյուջեի փաստահեն շահերի պաշտպանությունը կարող է ծառայել հետևյալ նպատակներին.

  • կատարել ոլորտային քաղաքականության ու բյուջեների փոփոխություններ և լրացումներ ազգային և տեղական մակարդակներում,
  • նպաստել և բարելավել բյուջետային գործընթացների թափանցիկությունն և հաշվետվողականությունն ազգային և տեղական մակարդակներում,
  • աջակցել պետական միջոցների առավել արդյունավետ օգտագործմանը՝ բյուջեի կատարողականի մշտադիտարկման միջոցով,
  • նվազեցնել ծախսերի անարդյունավետությունը՝ վեր հանելով արտահոսքերը և խոչընդոտները,
  • հզորացնել և զարգացնել քաղաքացիական հասարակությանը և համայնքներին՝ մասնակցելով բյուջետային գործընթացին և ազդելով որոշումների կայացման գործընթացների վրա,
  • իրազեկել հանրային քննարկումների մասին` տրամադրելով կոնկրետ ոլորտների հետ կապված բյուջեի և քաղաքականության առաջարկների օբյեկտիվ վերլուծություն։

Պետք է նշել, որ բյուջեի վերլուծությունը և բյուջեի շահերի պաշտպանությունը ՔՀԿ-ների համար կարող են լինել գործունեության նոր ուղղություններ, հետևապես այն պահանջում է որոշակի կարողությունների զարգացում: Այս ուղղությունը նաև ենթադրում է բյուջեի վերաբերյալ տեղեկատվության շարունակական վերլուծություն, որը թույլ կտա գնահատել շահերի պաշտպանության ջանքերի արդյունքում առաջացած ցանկացած փոփոխություն:

This site is registered on wpml.org as a development site.