ՀԲ ծախսերը՝ ԳՏՃՄ ոլորտում

2025-10-16 15:07

Ըստ ՀՀ պետական բյուջեի հավելվածների, 2021 թվականից իրականացվել են երկու դրամաշնորհային ծրագրեր, որպեսզի բարելավվի կրթությունը ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ոլորտներում։ Այս ծրագրերը մեկնարկել են Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ կրթական նորարար միջավայրի ձևավորմանը նպաստելու նպատակով։

Համաշխարհային բանկի աջակցությամբ, «Հայաստանում ԵՄ-ն հանուն նորարարության» դրամաշնորհային փորձնական ծրագրով միջոցներ են հատկացվել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»-ի կարողությունների զարգացմանը, ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների` տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների ուղղությամբ վերապատրաստումներին։ Ծրագրի ֆինանսավորումը 2021 թ.-ին կազմել է 20,2 մլն դրամ, 2022-ին՝ 113,1 մլն դրամ և 2023 թվականին՝ 3,1 մլն դրամ։

Երկրորդ դրամաշնորհային ծրագիրը նույն նախաձեռնության շրջանակում և կրկին Տավուշում է եղել. ԳՏՃՄ ոլորտների կրթական միջավայրի բարելավման, ծրագրի շրջանակներում կապիտալ ներդրումների իրականացման նպատակով՝ մարզի հանրակրթական դպրոցները համալրելով անհրաժեշտ համակարգչային տեխնիկայով, լաբորատոր սարքավորումներով և գույքով։ Այս ծրագրի ներդրումները կազմել են 2021թվականին՝ 117 մլ.ն դրամ, 2022 թվականին՝ 1,7 մլրդ. դրամ և 38,9 մլն. դրամ՝ 2023 թվականին։

2024 – ից, ըստ բյուջետային փաստաթղթերի, պետությունն իրականցրել է նաև աջակցության ծրագրեր ԳՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստման և ՀՀ մարզերի դպրոցներում լաբորատորիաներով հագեցնելու ուղղությամբ։

Պետական դպրոցների ԳՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստման նպատակով հատկացվել է 2024 թվականին՝ 487․9 մլն դրամ, իսկ 2025 – ին՝ ըստ առաջին կիսամյակի տվյալների՝ 42․5 մլն դրամ։ 2024 թվականին վերապատրաստվել են ԳՏՃՄ առարկաներ դասավանդող 140 ուսուցիչներ, 2025 -ին՝ 438։

Բյուջետային փաստաթղթերի համաձայն, ՀՀ պետական դպրոցներն ապահովվել են ԳՏՃՄ լաբորատորիաներով։ Աջակցություն ստացել են Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի դպրոցները։ Ժամանակակից ԳՏՃՄ լաբորատորիաներով հագեցած դպրոցների թիվը, պաշտոնական տվյալներով, 2024 թվականին հասել է 158-ի. միջոցառմանը հատկացվել է 2 մլրդ դրամ։

2025թ թվականի առաջին կիսամյակի տվյալներով, ժամանակակից ԳՏՃՄ լաբորատորիաներով հագեցած դպրոցների թիվը 72 է, իսկ բյուջետային ֆինանսավորում կազմում է 1․5 մլրդ դրամ։

Էլենա Հարությունյան

This site is registered on wpml.org as a development site.