Բյուջետային վերլուծություն բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում

2025-10-13 17:00

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն իրականացնում է «Հետբուհական կրթությունը բյուջեի լեզվով» ծրագիրը։

Ծրագրի հիմնական նպատակն է խթանել բուհական և հետբուհական կրթության ոլորտում ֆինանսական թափանցիկությունը, բյուջետային հաշվետվողականությունը և հանրային մասնակցությունը: 

Ծրագիրը միտված է բացահայտել ոլորտային բյուջետային քաղաքականության հիմնական միտումները, վերլուծել պետական ֆինանսավորման ծավալներն ու ուղղությունները և առաջարկել բարելավման ուղիներ՝ ապահովելով կրթական քաղաքականության կայուն զարգացումը։ 

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ձևավորել տեղեկատվական և վերլուծական հիմք, որը կնպաստի ինչպես ուսումնական հաստատությունների և ուսանողների շահերի պաշտպանությանն ու կրթական ոլորտի ֆինանսավորման թափանցիկության բարձրացմանը, այնպես էլ հանրային կառույցների հաշվետվողականության մակարդակի ամրապնդմանը։

Իրականացված գործողությունները

Ծրագրի մեկնարկային փուլում իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2020–2024 թվականներին իրականացված միջնաժամկետ ծախսային ծրագրերի և բյուջետային ֆինանսավորման հայտերի համապարփակ ուսումնասիրություն։

Մինչ այս ուսումնասիրվել են մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝

  • ՀՀ պետական բյուջեի տարեկան հաշվետվություններ,
  • ՀՀ կառավարության բյուջետային ուղերձ-բացատրագիր,
  • «ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Կրթության մասին» օրենքները,
  • ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության միջնաժամկետ ծախսային ծրագրերը։

Բացի փաստաթղթային վերլուծությունից, իրականացվել են թեմատիկ քննարկումներ, ձևավորվել է աշխատանքային պլան, և մշակվել է ոլորտային տվյալների հավաքագրման համապատասխան մոտեցում: Հատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ-ում  գիտությունների թեկնածուի և դոկտորի աստիճան շնորհելու համակարգի կարգավորմանը, գիտական ատենախոսությունների պաշտպանության գործընթացի կազմակերպչական և իրավական առանձնահատկություններին, ինչպես նաև  ՀՀ բարձրագույն և գիտության կոմիտեի գործառույթներին։

Արդյունքներ և հետագա քայլեր

Վերլուծությունը ցույց է տալիս, որ գործող կարգավորումները բավարար հիմք են տալիս համակարգի կայուն զարգացման համար, սակայն պահանջում են ավելացված թափանցիկություն ֆինանսական և կառավարչական որոշումների հրապարակման մասով։Կատարված ուսումնասիրությունների արդյունքում մշակվել են ամփոփ աղյուսակներ և գծապատկերներ՝ արտացոլելով կրթական ոլորտի բյուջետային ցուցանիշների փոփոխությունները վերջին հինգ տարվա ընթացքում։
Վերլուծության հիման վրա ձևավորվել են նախնական եզրակացություններ՝ կապված ոլորտի ֆինանսավորման կայունության, թափանցիկության և արդյունավետության հետ։Նախնական արդյունքներով արձանագրվել է, որ վերջին տարիներին բարձրագույն և հետբուհական կրթության ֆինանսավորման կառուցվածքում նկատվում են փոփոխություններ՝ կապված կրթության արդիականացման և գիտահետազոտական գործունեության խթանման ուղղությամբ կատարվող քայլերի հետ։

Ծրագրի ընթացքում նախատեսվում է՝

  • ներկայացնել ոլորտային վերլուծության ամփոփ զեկույց,
  • կազմակերպել քննարկումներ ոլորտային փորձագետների մասնակցությամբ,
  • հարցում անցկացնել գործող ասպիրանտների և հայցորդների շրջանում՝ հետբուհական կրթության քաղաքականության արդյունավետության վերաբերյալ 
  •  հրապարակել հանրամատչելի տեղեկատվական նյութեր, որոնք կնպաստեն հանրային վերահսկողության և մասնակցության մակարդակի բարձրացմանը կրթության ֆինանսավորման գործընթացներում։

This site is registered on wpml.org as a development site.