Նախադպրոցական կրթության զարգացում․ բյուջեի աճն ու ֆինանսավորման անհամապատասխանությունները Վանաձոր համայնքում

2025-04-28 15:58

Նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են լինել պետական, համայնքային ենթակայության և ոչ պետական: Պետական և համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները ոչ առևտրային կազմակերպություններ են, իսկ ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձև:

Վանաձոր համայնքում համայնքային ենթակայությամբ գործում են 23 մանկապարտեզներ, որտեղ հաճախում են 1842 երեխա և հերթագրված են 1231-ը։

Վանաձոր համայնքի նախադպրոցական կրթության ոլորտի ֆինանսավորման մեջ զգալի մասնակցություն ունի պետական բյուջեն: 2024 թվականի տվյալներով, Վանաձոր համայնքի թվով 19 մանկապարտեզների ֆինանսավորման մեջ պետական բյուջեն ունեցել է 6-15% մասնակցություն՝ կախված մանկապարտեզից: Այդ մասնակցությունը պայմանավորված է  պետական բյուջեից արտոնություն ունեցող երեխաների համար մանկապարտեզներին տրամադրվող փոխհատուցումներով:

2024 թվականի Վանաձոր համայնքի բյուջեում նախատեսված է զգալի գումար հատկացնել նախադպրոցական կրթությանը:

Պլանավորված գումարը կազմում է 1,7 մլրդ դրամ, որը 137.9%-ով գերազանցում է նախորդ տարի նախադպրոցական կրթությանը տրամադրված 729,1 մլն դրամը։

Սակայն փաստացի հատկացված գումարները որոշ դեպքերում չեն համընկնում պլանավորվածի հետ: Վանաձոր համայնքի բոլոր 23 մանկապարտեզների, բացառությամբ թիվ 4, թիվ 8, Գուգարք և  Դարպաս բնակավայրերի մանկապարտեզների, փաստացի ֆինանսավորումը գերազանցել է պլանավորվածը: Մյուս կողմից, թիվ 4  և թիվ 8 մանկապարտեզները ստացել են պակաս գումար՝ փաստացի կատարողականը չհամապատասխանելով պլանավորվածին, իսկ պլանավորվածն ու փաստացին համապատասխանել են միայն Գուգարք և Դարպաս բնակավայրի մանկապարտեզների դեպքում: Նման անհամապատասխանությունները Վանաձորի համայնքապետարանը մեկնաբանում է հետևյալ կերպ, որ թվով 19 մանկապարտեզների համար պայմանագրով նախատեսված է եղել պետական բյուջեից տրամադրել դրամաշնորհ (փոխհատուցում արտոնություն ունեցող երեխաների համար), այդ պայամանագրի մեջ 24.11.2024թ. կնքված համաձայնագրով կատարվել են փոփոխություններ, որի արդյունքում առաջացել է տրամադրվող դրամաշնորհի փոփոխություն՝ տրամադրվող փոխհատուցման աճի տեսքով: Վերոնշալ հանգամանքից ելնելով թվով 19 մանկապարտեզներին տրամադրվել է ավելի շատ ֆինանսավորում:

«Վանաձոր համայնքի թիվ 8 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը և «Վանաձոր համայնքի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը 2024 թվականի ընթացքում գտնվել են կառուցման ընթացքում, իսկ աշխատակիցները՝ հարկադիր պարապուրդում, այդ իսկ պատճառով ֆինանսավորվել են միայն աշխատավարձի հոդվածով, որն ի դեպ կազմել է պլանավորված գումարի թիվ 4 մանկապարտեզի դեպքում՝ 77%-ը,  թիվ 8 մանկապարտեզի դեպքում՝ 72,3%-ը:

Նախադպրոցական կրթության ֆինանսավորման փոփոխությունները կարևոր քայլ են ոլորտի զարգացման համար։ Բյուջետային հատկացումների աճը և դրանց բաշխման առանձնահատկությունները ցույց են տալիս ոլորտում ընթացող գործընթացները և դրանց արդյունավետության գնահատման անհրաժեշտությունը։ Ֆինանսավորման պլանավորված և փաստացի ցուցանիշների միջև տարբերությունները վկայում են համակարգի դինամիկ բնույթի մասին, ինչը պահանջում է շարունակական ուսումնասիրություն և հստակ մեխանիզմներ՝ միջոցների առավել արդյունավետ օգտագործումն ապահովելու համար։

 

Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Ուղղակի Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Բյուջե 360°» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղղակի Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

This site is registered on wpml.org as a development site.