Բյուջեի անկախ վերլուծություն և բյուջետային ծրագրերի անկախ գնահատում

2024-12-18 15:23

Բյուջեի անկախ վերլուծությունը (Independent budget analysis) վերաբերում է ՔՀԿ-ների ջանքերին՝ վերլուծելու առաջարկվող պետական բյուջեները և կիսելու իրենց եզրակացություններն ու մտահոգությունները կառավարության և լայն հանրության հետ՝ բյուջետային փոփոխությունները պաշտպանելու նպատակով: Բյուջեի անկախ վերլուծությունը բարձրացնում է հանրային իրազեկվածությունը բյուջեի հիմնական խնդիրների վերաբերյալ և կարող է հանգեցնել բյուջետային ռեսուրսների վերաբաշխման` ավելի լավ արտացոլելու համար հանրային առաջնահերթությունները և մտահոգությունները:

 Բյուջեի անկախ վերլուծությունը քաղաքացիական հասարակության և այլ անկախ կազմակերպությունների կողմից իրականացվող վերլուծական և շահերի պաշտպանության աշխատանքներն են, որոնք ուղղված են պետական բյուջեները թափանցիկ դարձնելուն և պետական միջոցների բաշխման վրա ազդելուն:

Բյուջեի անկախ վերլուծության նպատակներն են.

  • Բարելավել տեղեկատվության փոխանակումը և բյուջեի վերաբերյալ հանրային ընկալումը:
  • Ազդել բյուջետային հատկացումների վրա. Այս գործիքն օգնում է քաղաքացիներին՝ իրազեկել բյուջետային հատկացումների ազդեցության մասին և մոբիլիզացնել հանրային կարծիքը՝ հասնելու բյուջետային հատկացումների բաշխման ավելի մեծ արդարության:
  • Բարելավել ֆինանսական միջոցների թիրախավորումը խոցելի խմբերի համար, այդ թվում՝ կանանց և երեխաների: Բյուջեի անկախ վերլուծությունը կարող է օգնել խոցելի խմբերի հզորացմանը՝ բարձրաձայնելով նրանց մտահոգությունները:
  • Նախաձեռնել քննարկումներ բյուջեի ոլորտային հատկացումների վերաբերյալ:
  • Ազդել եկամուտների քաղաքականության վրա:

Բյուջետային ծրագրերի անկախ գնահատում. ՔՀԿ-ների կողմից բյուջետային առանձին ծրագրերի կամ միջոցառումների իրականացման գնահատում։

Գնահատումը սահմանվում է որպես՝ ընթացող կամ ավարտված միջոցառման կամ ծրագրի կարևորության, իրականացման գործընթացի, արդյունքների և ազդեցության համակարգային, համակողմանի ուսումնասիրություն։

Այն ուղղված է որոշելու համապատասխանությունը և նպատակների իրագործման աստիճանը, իրականացման արդյունավետությունը, ազդեցությունը և արդյունքների կայունությունը։

Գնահատումը պետք է ապահովի վստահելի և օգտակար տեղեկատվություն, ինչպես նաև հնարավորություն տա դասեր քաղել և բարելավել որոշումները։ Գնահատման արդյունքների կիրառումը որոշումների կայացման գործընթացում կարող է իրականացվել սկսած ծրագրի տրամաբանական կառուցվածքի վերաձևավորումից, միջոցառումների համախմբի փոփոխություններից, մինչև ծրագրի բարելավում և շահառուների կարիքներին առավել համապատասխանեցում:

Ծրագրերի գնահատման համար կիրառվում են տարբեր մոտեցումներ և մեթոդներ: OECD/DAC-ի կողմից առաջարկում են գնահատման 6 ստանդարտ չափանիշներ, որոնք ըստ էության հիմք են հանդիսանում գրեթե բոլոր ծրագրերի գնահատման համար։

Ծրագրերը այս կամ այն չափանիշով գնահատման մեթոդները և գործիքակազմը տարբեր է, սակայն հիմնականում օգտագործվող գործիներն են՝

  • Փաստաթղթային ուսումնասիրություններ,
  • Դաշտային այցեր,
  • Հիմնական տեղեկացված անձանց հետ հարցազրույցներ,
  • Ֆոկուս խմբային քննարկումներ,
  • Շահառուների կարծիքի ուսումնասիրություններ,
  • Վիճակագրական-քանակական հետազոտություններ,
  • Փաստագրված տեղեկատվության քննություն,
  • Տվյալների բազաների ուսումնասիրություն, վերլուծություն և այլն։

 

This site is registered on wpml.org as a development site.