Մշտադիտարկումը շարունակաբար իրականացվող գործառույթ է, որը որոշակի ցուցանիշների գծով տվյալների համակարգված հավաքագրման միջոցով ծրագրի կառավարիչներին և շահագրգիռ կողմերին տրամադրում է տեղեկություններ ծրագրի իրականացման առաջընթացի և արդյունքների ձեռքբերման, ինչպես նաև ռեսուրսների օգտագործման աստիճանի վերաբերյալ։
Բյուջետային ծրագրերի մշտադիտարկման հիմնական գործիքը ծրագրի հիմնական արդյունքային չափորոշիչների համակարգն է:
Բյուջետային ծրագրերի մշտադիտարկման նպատակով քաղաքացիական հասարակությունը տարբեր գործիքներ և մեթոդներ է կիրառում։ Ստորև ներկայացնում ենք դրանցից առավել տարածվածները:
Իր հերթին, սոցիալական աուդիտը ստուգում է, թե ինչպես են բյուջետային ծրագրերն իրականացվում՝ նպատակ ունենալով ծրագրերի բարելավումների և համապատասխանեցման սոցիալական և բնապահպանական քաղաքականությունների նպատակներին:
Բյուջետային ծրագրի կամ հանրային ծառայության բարելավման հիմնական գործիքը դա շահառուների և օգտատերերի հետադարձ կապի համակարգված գնահատումն է:
Այն նախատեսված է օգնել օգտատերերին հասկանալու և գնահատելու ծրագրի կամ հանրային ծառայության ուժեղ և թույլ կողմերը, հաջողություններն ու ձախողումները:
Սոցիալական աուդիտը հասարակության մասնակցությունը մեծացնելու, կառավարության և ծառայություններ մատուցողների հետ կապերի ամրապնդման, թափանցիկության և հանրային հաշվետվողականության խթանման, բոլոր օգտատերերի պատասխանատվության բարձրացման միջոց է:
Սոցիալական աուդիտները կարող են տարբեր ձևեր ընդունել և ընդգրկել մի շարք դերակատարներ և պրակտիկա: Սակայն դրանք ամենից հաճախ սկսվում են որպես քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ և երբեմն վերածվում են համագործակցային և ինստիտուցիոնալ ջանքերի:
Սոցիալական աուդիտը բազմակողմանի գործիք է և ընդգրկման շրջանակը կարող է հարմարեցվել առկա ռեսուրսներին: Դրանք կարող են տատանվել համապարփակ ազգային մակարդակի վերլուծություններից մինչև տեղական համայնքային աուդիտներ:
Սոցիալական աուդիտի իրականացման մոտեցումները, մեթոդները և գործիքակազմը ևս լայն են: Այդպիսի գործիքներից են գնահատման քարտերը, ծառայությունների մատուցման գնահատումները և այլն:
Սոցիալական աուդիտի նախաձեռնությունների մեծ մասը կազմակերպվում է ի պատասխան տեղական մակարդակում սոցիալական ծառայությունների վատ և/կամ անբավարար մատուցման:
Սոցիալական աուդիտները կարող են օգնել բարձրացնել հանրային իրազեկվածությունը և գիտելիքները բյուջեի հետ կապված խնդիրների վերաբերյալ: Նրանք նաև լիազորում են քաղաքացիներին՝ թույլ տալով նրանց տրամադրել հետադարձ կապ, հավաքել ապացույցներ, մեկնաբանել բացահայտումները և լուծումներ մշակել:
Այս գործիքը կարող է նաև նպաստել թափանցիկության բարձրացմանը՝ ձևավորելով տեղեկատվության նկատմամբ պահանջարկ:
Քաղաքականություն մշակողները ևս կարող են օգտվել սոցիալական աուդիտի իրականացումից՝ տիրապետելով քաղաքացիների մտահոգությունների վերաբերյալ տեղեկատվության և բարելավելով տարբեր հարցերի շուրջ իրենց ընկալումը:
Երբեմն սոցիալական աուդիտները ինստիտուցիոնալացվում են և կանոնավոր մոնիտորինգ են իրականացնում պետական հաստատություններում՝ դրանով իսկ նպաստելով պետական դերակատարների նկատմամբ վստահելիության և դերի բարձրացմանը: