Ծախսերի/ծրագրի իրականացման արդյունավետությունը վերլուծելու համար պետք է դիտարկել թե որքան արդյունավետ են ռեսուրսները փոխակերպվել սպասվող արդյունքների` քանակի, որակի և ժամկետների տեսանկյունից։ Որքա՞ն է արժեցել մեկ միավոր արդյունքը կամ մատուցված ծառայությունը, կամ՝ մեկ միավոր ծախսի դիմաց որքա՞ն արդյունք է ստեղծվել/ծառայություն է մատուցվել․ սրանք են այն հիմնական հարցերը որոնք պետք է պատասխան ստանան։
Ծախսեր-օգուտներ վերլուծության մեթոդը հնարավորություն է տալիս պետական ծախսերը համադրել ակնկալվող արդյունքների հետ։ Նկատենք, որ եթե ծախսերի դրամական գնահատումը իրագործելի խնդիր է, ապա քաղաքականության օգուտների գնահատումը, կամ դրանց դրամական համարժեքի գնահատումը հաճախ դժվար իրագործելի է, որոշ դեպքերում՝ անհնար:
Մեթոդը հաշվի է առնում ինչպես դրամական, այնպես էլ ոչ դրամական ծախսերն ու օգուտները, որոնք վերաբերում են ողջ հասարակությանը՝ ցանկացած բացասական ազդեցություն գնահատելով որպես ծախս, իսկ դրականները՝ որպես օգուտ և հաշվի առնել նաև արտաքին ազդեցությունները (երրորդ կողմի վրա), ինչպես օրինակ՝ մթնոլորտի և շրջակա միջավայրի աղտոտվածություն, աղմուկ, արդյունաբերական թափոններ և այլն։ Ծախսեր-օգուտներ վերլուծության մեթոդի կիրառման հիմնական քայլերն են՝
- սահմանված արդյունքի ձեռքբերմանն ուղղված ծախսերի և ակնկալվող օգուտների որոշումը և դասակարգումը,
- սահմանված արդյունքի ձեռքբերման այլընտրանքների գնահատումը,
- յուրաքանչյուր այլընտրանքի ծախսերի և օգուտների դրամական համարժեքի գնահատումը,
- ապագայում առաջացող ծախսերի և օգուտների ներկա արժեքի հաշվարկը,
- յուրաքանչյուր տարբերակի ծախսերի արդյունավետության գործակցի հաշվարկը։
Ծառայությունների մատուցման արդյունավետության քննարկման հարցերը չպետք է անտեսեն նաև շահառուների յուրաքանչյուր խմբին մատուցվող ծառայությունների ամբողջականության, քանակի, որակի, նաև մատուցման ժամկետների՝ սահմանված նորմատիվներին և չափաքանակներին համապատասխանության վերլուծությունները։
Հասցեականության գնահատում․ Պարզելու համար, թե որքանով է հասցեական մատուցվող ծառայությունների բաշխումը, պետք է որոշել՝ առկա՞ են արդյոք ծրագրում պոտենցիալ շահառուների ընդգրկման և չընդգրկման սխալներ։ Սա նշանակում է, առաջին դեպքում գնահատել այն շահառուների ընդգրկումը (կշիռը), որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, իսկ երկրորդ դեպքում՝ նրանց կշիռը, որոնք լիարժեք համապատասխանելով շահառուներին ներկայացվող պահանջներին, դուրս են մնացել ծառայություններ ստացողների շրջանակից։