2024 թվականի պետական բյուջեն հաստատվել է եկամուտների գծով 2,723.6 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 3,206.5 մլրդ դրամ և դեֆիցիտի գծով՝ 482.9 մլրդ դրամ, կամ ՀՆԱ-ի համապատասխանաբար 25.9, 30.5 և 4.6 տոկոսը։
Արդարադատության ոլորտում իրականացվող ծախսերը պետական բյուջեում ներկայացված են արդարադատության և դատական գործունեության ծրագրերով, որոնք համակարգվում են ՀՀ Արդարադատության նախարարության և այլ պետական մարմինների կողմից, որոնք են՝ ՀՀ սահմանադրական դատարանը, Բարձրագույն դատական խորհուրդը, ՀՀ դատախազությունը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, ՀՀ քննչական կոմիտեն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։
2024 թվականին արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերին կուղղվի 75.4 մլրդ դրամ, որը նախորդ տարվա մակարդակը գերազանցում է ավելի քան 3 մլրդ դրամով կամ 4.2 տոկոսով։
ՀՆԱ-ի նկատմամբ արդարադատության ոլորտի ծախսերը կկազմեն 0.7 տոկոս՝ նախորդ տարվա համեմատությամբ նվազելով 0.1 տոկոսային կետով։
Պետական բյուջեի ծախսերի նկատմամբ արդարադատության ծրագրերին ուղղված բյուջետային ծախսերի կշիռը 2024-ին կկազմի 2.4 տոկոս՝ 2019-2023թթ. 2.6 տոկոս միջին մակարդակի պայմաններում։
Արդարադատության ոլորտի Ֆինանսավորման ծավալների աճի միջին տեմպը 2020-2024թթ. կկազմի 10.7 տոկոս, որը 4 տոկոսային կետով զիջում է նույն ժամանակահատվածում պետական բյուջեի ընդամենը ծախսերի միջին տարեկան աճի մակարդակը։
2021-2023 թվականներին արձանագրվել են ոլորտի ֆինանսավորման ծավալների բարձր աճի տեմպեր։ Մասնավորապես՝ 2023-ին ոլորտի գրեթե բոլոր պետական մարմինների դեպքում արձանագրվել են ֆինանսավորման ծավալների ամենաբարձր աճերը։
Արդարադատության ոլորտում պետական քաղաքականությունը 2024-ին կիրականացվի 16 բյուջետային ծրագրերի միջոցով։ ԱՆ կողմից համակարգվում են այդ ծրագրերից 7-ը։ Թվով 3 ծրագրեր համակարգվում են Դատախազության կողմից։ Մնացած 6 ոլորտային պատասխանատու մարմիններն իրականացանում են մեկական ծրագիր։
Ոլորտային ծրագրերի բյուջեի 30.7 տոկոսը կամ 23.2 մլրդ դրամն ուղղվում է ՀՀ ԱՆ կողմից իրականացվող ծրագրերի իրականացմանը։ Բյուջետային ֆինանսավորման ծավալների առումով, հաջորդող դիրքերում են ԲԴԽ-ն, ՔԿ-ն և Դատախազությունը՝ համապատասխանաբար ոլորտում իրականացվող ծախսերի՝ 25.4, 23.2 և 13.4 տոկոս կշիռներով։
2024-ին ամենամեծը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորման աճն է՝ 39.4 տոկոս։ Հետևում է ՀՀ քննչական կոմիտեն՝ 12.8 տոկոս աճի մակարդակով։ Ոլորտում իրականացվող ամենամեծ ծրագիրը ԲԴԽ «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» ծրագիրն է, որին ուղղվում է ոլորտի ծախսերի 25.4 տոկոսը կամ 19.2 մլրդ դրամ։
Վերջինս նախորդ տարվա համեմատությամբ աճել է 12.8 տոկոսով։ Ծրագիրը կարևորում է դատավորների ծանրաբեռնվածության նվազեցումը, ինչպես նաև գործերի քննման որակի բարձրացումը, գործերի քննության ժամկետների կրճատումը և դրանով իսկ քաղաքացիների համար արդարադատության մատչելիության բարելավումը։
Ֆինանսավորման ծավալներով երկրորդ և երրորդ դիրքերում են ՀՀ ՔԿ կողմից իրականացվող «Քննչական ծառայություններ» և ՀՀ ԱՆ կողմից իրականացվող «Քրեակատարողական ծառայություններ» ծրագրերը՝ համապատասխանաբար՝ 17.5 և 13.8 մլրդ դրամ ֆինանսավորման ծավալներով։
Ֆինանսավորման բացարձակ աճի առումով առաջին դիրքում կրկին ԲԴԽ «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» ծրագիրն է, որի բյուջեն 2024-ին կաճի մոտ 2.2 մլրդ դրամով կամ 12.8 տոկոսով։ Երկրորդ դիրքում ՔԿ կողմից իրականացվող «ՀՀ քննչական ծառայություններ» ծրագիրն է, որի աճը կկազմի մոտ 2 մլրդ դրամ կամ 12.8 տոկոս։ Հետևում է ՀԿԿ «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում և քննության ապահովում» ծրագիրը՝ ավելի քան 1 մլրդ դրամ կամ 39.7 տոկոս աճով։
Դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց թիվը 2024-ին կկազմի 3,000 մարդ։ Մեկ շահառու հաշվով քրեակատարողական ծառայությունների արժեքը կկազմի ամսական 345.7 հազ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավել է մոտ 8 հազ դրամով։
Պրոբացիայի տակ գտնվող շահառուների թիվը կաճի մոտ 36.4 տոկոսով և կկազմի 7,500 մարդ։ Մեկ շահառուի հաշվով տարեկան ծախսը կկազմի մոտ 104 հազ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ցածր է 28.2 տոկոսով։
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների դատավորների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվել է 60 տոկոս հավելում, իսկ Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ քրեական և Վերաքննիչ վարչական դատարանների դատավորների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ՝ 55 տոկոս հավելում։
Քննիչների միջին ծանրաբեռնվածությունը կնվազի միջինում 43 վարույթով՝ կազմելով 261 նախորդ տարվա 304-ի դիմաց։
Արդարադատության ոլորտի բյուջեն իրենից ներկայացնում է այս ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերի բյուջետային ծախսերի հանրագումարը։
2024 թվականին արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերին կուղղվի 75.4 մլրդ դրամ, որը նախորդ տարվա մակարդակը գերազանցում է ավելի քան 3 մլրդ դրամով կամ 4.2 տոկոսով։
2024-ին Արդարադատության ֆինանսավորման ծավալները կգերազանցեն 2019-ի մակարդակը ավելի քան 1.6 անգամ։