Հասարակության մասնակցությունը հարկաբյուջետային քաղաքականության մշակմանը

2024-02-20 12:42

Հարկաբյուջետային քաղաքականության մշակումը քաղաքական գործիչների և կառավարման առաջնային օրակարգերից է, որը հսկայական ազդեցություն ունի քաղաքացիների և համայնքների առօրյա կյանքի վրա: Այս քաղաքականության իրականացման առանցքային ծրագրային փաստաթղթերից են պետական և տեղական/մարզային բյուջեները, կառավարությունների հիմնական քաղաքականության փաստաթղթերը, որոնք ներկայացնում են ռեսուրսների հետ կապված քաղաքականության առաջնահերթությունները:

Հարկաբյուջետային քաղաքականությունը վերաբերում է տնտեսական պայմանների վրա ազդելու նպատակով պետական ծախսերի և հարկային քաղաքականության կիրառմանը: Այն կենտրոնացած է մի կողմից պետական եկամուտների, իսկ մյուս կողմից՝ ապրանքների, ծառայությունների և պետական այլ ծախսերի վրա: Անցած տասնամյակների ընթացքում, հատկապես 2008 թվականի համաշխարհային տնտեսական (այսպես կոչված հիփոթեքային) ճգնաժամի հետևանքով, հարկաբյուջետային քաղաքականության թեմայի շուրջ լայնածավալ հետազոտություններ են իրականացվել՝ կապված կայուն հարկաբյուջետային պլանավորման և կառավարման և դրա կրկնությունը կանխելու հնարավոր գործիքների հետ:

Թե՛ միջազգային հանրության, և թե՛ ազգային փորձագետների կարծիքով, հարկաբյուջետային քաղաքականության և բյուջետավորման թափանցիկությունը կարող է օգնել բացահայտել հնարավոր հարկաբյուջետային ռիսկերը և խթանել բյուջեի որոշումների և քաղաքականության վերաբերյալ հանրային քննարկումները: Հարկաբյուջետային թափանցիկությունը վերաբերում է այն մակարդակին, որի համապատասխան կառավարությունը համապարփակ, ժամանակին, մատչելի և հասկանալի տեղեկատվություն է տրամադրում իր հարկաբյուջետային գործունեության վերաբերյալ:

Հարկաբյուջետային կառավարման, եկամուտների, ծախսերի և փոխառությունների մասին ճշգրիտ և ժամանակին տեղեկատվություն տրամադրելով՝ կառավարությունները կարող են քաղաքացիներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ-ներին) և այլ շահագրգիռ կողմերին հնարավորություն տալ հասկանալու, թե ինչպես են գոյանում, բաշխվում և օգտագործվում հանրային ռեսուրսները։

This site is registered on wpml.org as a development site.