Ինչպե՞ս մշակել «ճանապարհային քարտեզը» բյուջետային գործընթացում. քայլ 5: Դարձե՛ք միջնորդ

2024-02-15 17:00

ՔՀԿ-ների ներգրավվածությունը մասնակցային բյուջետավորման գործընթացում իրազեկման և բյուջետային գրագիտության բարձրացման ուսուցումների փուլով չի ավարտվում: Աշխարհի տարբեր երկրներում ՔՀԿ-ները տարիների ընթացքում աշխատել են բյուջեները հեշտ ընկալելի դարձնելու և բնակչության մարգինալացված և սոցիալապես կարևոր հատվածների վրա բյուջետային քաղաքականության ազդեցության ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ: Մասնակցային բյուջետավորման նախաձեռնություններն առավել հաջող են եղել այն տեղական ինքնակառավարման մարմիններում/համայնքներում, որտեղ առկա է քաղաքացիական հասարակության մեծ ներգրավվածություն:

Երբ հատկորոշեք այն  մարմինը, որտեղ առկա է մասնակցային բյուջետավորում, կարող եք այդ գործընթացում ներգրավվել տարբեր միջոցներով, ինչը պայմանավորված կլինի նաև տվյալ մարմնում մասնակցային բյուջետավորման գործընթացի կարգից։ Ստորև բերված աղյուսակում ներկայացված են այդ գործընթացում ներգրավվելու որոշ գաղափարներ։

Մասնակցային բյուջետավորման գործընթացին մասնակցելուց բացի, որն ընդհանուր առմամբ համապատասխանում է ՔՀԿ ոլորտի գործունեությանը, կան բյուջետային գործընթացին մասնակցելու այլ ուղիներ: Քանի որ ՔՀԿ-ները հաճախ սերտ, կանոնավոր կապի մեջ են հասարակության տարբեր հատվածների և շահագրգիռ խմբերի հետ, նրանք կարող են այդ հեռանկարները օգտագործել բյուջեի որոշումների կայացման գործընթացում և ընդգծել ստացած տեղեկատվության և քաղաքականության այն հարցերը, որոնք դուրս են մնացել որոշում կայացնողների ուշադրությունից։ Հետագայում կարող եք այս տեղեկատվությունը տարածել այլ շահագրգիռ կողմերի շրջանում, ինչպիսիք են՝ օրենսդիրները կամ լրատվամիջոցները:

Հաշվի առնելով օրենսդիր մարմնի՝ որպես քաղաքացու ներկայացուցչի դերը, այն հաճախ դիտվում է որպես բյուջետային գործընթացում ընդունվող որոշումների վրա ազդելու ամենահարմար կետը քաղաքացիական հասարակության համար: Տարածված է այն կարծիքը, որ օրենսդիր մարմինները չունեն բյուջետային փորձ ունեցող անձնակազմ և համապատասխան կարողություններ՝ գնահատել բյուջեի առաջարկները, ներկայացնել փոփոխությունների և լրացումների առաջարկություններ։ Եթե, օրինակ, Ձեր բյուջետային աշխատանքը կենտրոնացնեք ոլորտային հանրային քաղաքականության և ծառայությունների որոշակի հատվածի վրա (օրինակ՝ առողջապահության ոլորտ կամ գյուղատնտեսական սուբսիդիաներ), ապա ակնկալվում է, որ Ձեր փորձը և բյուջեի մասին պատկերացումները ավելի մեծ կլինեն, քան քաղաքական ներկայացուցիչների փորձը, չնայած նրան, որ վերջիններս են այս ոլորտում որոշում կայացնողները։ Դուք կարող եք օգտվել դրանից և քաղաքական գործիչներին (օրինակ՝ խորհրդարանական հանձնաժողովների անդամներին) պարբերաբար տրամադրել տեղեկագրեր, որոնք ներառում են Ձեր կողմից կատարած մոնիտորինգի արդյունքները, բյուջեի վերլուծության զեկույցները, կիսվել լավագույն փորձի վերաբերյալ խորհուրդներով և այլն: Դրա փոխարեն կարող եք ակնկալել, որ այս պաշտոնյաները ավելի տեղեկացված կլինեն Ձեր գործունեության մասին և Ձեր առաջարկները ի սկզբանե արդեն կունենան որոշակի վստահության աստիճան։ Երբ հարգանքի արժանանաք Ձեր փորձառության համար, ավելի հավանական կլինի, որ քաղաքական գործիչները կցանկանան մասնակցել Ձեր կողմից կազմակերպվող հանրային բանավեճերին և այլ միջոցառումներին:

Մեկ այլ հիանալի խողովակ հանդիսանում են լրատվամիջոցները, որոնք կարող են անվճար հրապարակել Ձեր վերլուծություններն ու եզրակացությունները։ Լրատվամիջոցների հետ կառուցողական հարաբերությունների հաստատումը մշտական ջանքեր է պահանջում: Անպայման նախապես տեղեկատվություն տրամադրեք նրանց և մշտապես թարմացրեք Ձեր աշխատանքի և արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։ Բացի այդ, բյուջեի վերաբերյալ թեմաներով լրագրողների համար կազմակերպվող անվճար ուսուցումները կնպաստեն Ձեր մասին կարծիքի ձևավորմանը, որպես վստահելի կազմակերպություն։

Շատ երկրներում Աուդիտի Բարձրագույն Մարմինները և վերահսկող այլ մարմինները հազվադեպ են արժանանում հանրության կամ լրատվամիջոցների ուշադրությանը, թեև նրանց հաշվետվությունները և զեկույցները կարող են հետաքրքիր բացահայտումներ պարունակել: Այս հաշվետվությունները ոչ միայն տեղեկացնում են ծրագրերի և գերատեսչությունների պակասորդների կամ հավելուրդների մասին, այլև կարող են բացահայտել նաև կատարված խարդախություններն ու չարաշահումները, չթույլատրված կամ չհիմնավորված ծախսերը և ցույց տալ պետական գերատեսչությունների ֆինանսական կառավարման համակարգային թերությունները։ Այս հաշվետվությունները կարող են հարուստ տեղեկատվություն տրամադրել բյուջեի կատարման հետ կապված խնդիրների գնահատմամբ հետաքրքրված ՔՀԿ-ներին։ Աուդիտի հաշվետվությունները հաճախ կառավարության ֆինանսական առողջության վերաբերյալ տեղեկատվության միակ անկախ աղբյուրն են, սակայն, հաճախ, դրանք գրվում են տեխնիկական բյուրոկրատական ոճով, որը դժվար հասկանալի է լայն հանրության համար: Արդյունքների մատչելի և հասկանալի լեզվով ներկայացումը, և կարևորագույն կետերի հրապարակումը կարող են օգնել արդյունքները տարածել ավելի լայն լսարանում: Մեկ այլ միջոց է վերահսկող մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ հանրային առցանց կամ առկա միջոցառումների կազմակերպումը և դրանց արդյունքները հանրությանը ներկայացնելը։

This site is registered on wpml.org as a development site.