Բյուջետային գործընթացում աշխատանքները մեկնարկելուց հետո հնարավորություն կունենաք ծանոթանալ բյուջետային գործընթացի մեխանիզմներին և ընթացակարգերին։ Միևնույն ժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս ոլորտում պահանջվող գիտելիքների մի մասը ունի տեխնիկական բնույթ և Դուք կաշկանդված եք որոշակի ժամանակացույցով, խորհուրդ է տրվում համակարգել այն ամենը, ինչ սովորել եք։ –Ընդ որում, դա կարող եք օգտագործել ինչպես Ձեր աշխատանքի և թիմի նպատակների համար, այնպես էլ ավելի լայն լսարանի համար: Ի դեպ, այս ամբողջ նոու-հաուն (know-how) կարող եք օգտագործել ոչ միայն Ձեզ համար, այլև դրանով բարձրացնել ոլորտի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։ Այս տեսանկյունից, բյուջեի ուղեցույցը իրազեկվածության բարձրացման սկզբնական փուլում կարող է ծառայել որպես օգտակար նախագիծ՝ ինչպես կազմակերպական զարգացման, այնպես էլ համապատասխան արտադրանքի ստեղծման համար։ Այն կարող է ընդգրկել բյուջետային պարբերաշրջանի և մշակման փուլերի վերաբերյալ օգտակար տեղեկատվություն, հարակից թեմաներ և այլն։
Ամենատարածված մոտեցումը բյուջեի ուղեցույցի ստեղծումն է, որը պետք է ամփոփի օրենսդիր մարմնին ներկայացված տարեկան բյուջեի հիմնական հատկանիշները, բացատրի օրենքի նախագծի բովանդակությունը և դրա ակնկալվող ազդեցությունները և պարունակի կայքերի հղումներ կամ դեպի ավելի մանրամասն փաստաթղթեր հղումներ:
Բյուջեի ուղեցույցի հետ կապված հաճախ օգտագործվում է նաև քաղաքացիների բյուջե եզրույթը: Տեխնիկական իմաստով, քաղաքացիների պատշաճ բյուջեն չի պատրաստվում ՔՀԿ-ների կողմից, քանի որ այն պետք է կազմի հենց կառավարությունը, սակայն կարևոր է ՔՀԿ-ների հետ համագործակցությունը։ Տերմինաբանությունը մի կողմ թողնելով, պետք է նշել, որ բյուջեի ուղեցույցը, որը նաև անվանվում է քաղաքացու բյուջե, ոչ միայն հիանալի գործիք է բյուջետային քաղաքականության բանավեճում ավելի շատ անձանց ներգրավելու համար, այլև կարող է օգնել հասնել ավելի մեծ համակարգային փոփոխության և ոգեշնչել պետական պաշտոնյաներին և քաղաքականություն մշակողներին մտածել կիրառելի ձևաչափի ստեղծման մասին:
Այն դեպքում, երբ բյուջեն էականորեն փոփոխվում է օրենսդիր մարմնի կողմից, փոփոխություններին հետևելու ուղեցույցը, որը բացատրում է կատարողական բյուջեի առաջարկի և ընդունված բյուջեի միջև եղած տարբերությունները, կարող է ևս օգտակար լինել: Այլ՝ պարզ լեզվով գրված փաստաթղթերը, նույնպես կարող են պատրաստվել բյուջեի պարբերաշրջանի տարբեր փուլերում:
Բյուջեի ուղեցույցների վերաբեյալ կարելի է կազմակերպել մի շարք գործողություններ, օրինակ՝ տարբեր շահագրգիռ կողմերի վերապատրաստման դասընթացներ (քաղաքական գործիչներ, լրագրողներ, քաղաքացիներ, տարբեր համայնքներ և այլն), առցանց կամ դեմառդեմ իրազեկման բարձրացման արշավներ, ներառյալ՝ հոդվածների կամ աուդիո-վիզուալ նյութերի տարածում սոցիալական ցանցերում, փոդքասթների շարքերի պատրաստում, բանավեճերի կազմակերպում կամ տեղեկատվական նյութի (արտադրանքի) էլեկտրոնային կամ տպագիր տարբերակների տարածում, համայնքում անհրաժեշտ քննարկումների կազմակերպումը և այլն։
Բյուջեի վերաբերյալ ոչ բավարար մակարդակի գրագիտությունը շարունակում է բյուջետային գործընթացների էական խոչընդոտը մնալ։ Այս խոչընդոտը առկա է ոչ միայն հանրության և ՔՀԿ-ների շրջանում, այլ նույնիսկ օրենսդիր մարմինների մոտ։ Ուղեցույցները, դասընթացները և արշավները կարող են նպաստել բարելավելու բյուջետային գրագիտությունը տարբեր թիրախային խմբերի շրջանում: Մեկ այլ կարևոր գործիք է մասնակցային բյուջետավորումը։ Այս գործիքի կիրառմամբ հնարավոր է եղել ուժեղացնել հանրային ուսուցումը և ակտիվ քաղաքացիական մասնակցությունը։ Ինչպես նշված է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնության ՀՀ 2022-2024 թթ․ գործողությունների ծրագրում, նախատեսվում է զարգացնել և ընդլայնել մասնակցության հնարավորությունները համայնքային մակարդակում, ներառյալ մասնակցային բյուջետավորումը:
Պատմությունն ապացուցել է, որ պետական բյուջեի պատշաճ և կայուն իրականացումը պահանջում է ՔՀԿ-ների կողմից մեծ ներգրավվածություն, այսինքն պետք է օգտագործեք հնարավորությունն ու պահը և ներգրավվեք Ձեր համայնքի մասնակցային բյուջետավորման գործընթացին:
Եթե Ձեր համայնքում ՄԲ չի իրականացվում, ապա կարող եք նաև դիտարկել այս գործիքի խթանումը օրինակ՝ հետևյալ եղանակներով․
– հոդվածներ և տեսալսողական նյութեր պատրաստել պաշտոնյաների և քաղաքական գործիչների համար (առաջարկ ստացող կողմ) կամ լայն հանրության համար (պահանջարկ ունեցող կողմ),
– նախաձեռնել հանրագրեր և դրանք ուղարկել տեղական իշխանություններին՝ ՄԲ-ն որպես գործիք դիտարկելու համար,
– ելույթ ունենալ համայնքային խորհրդի (ավագանու) նիստում ՄԲ մեխանիզմի վերաբերյալ և այլն։
Թեև ՄԲ-ի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի իշխանությունը, ՔՀԿ-ները կարող են մեծապես օգնել այդ գործում: