Բյուջետային գործընթացում հանրային վերահսկողություն իրականացնելու հիմնական հմտությունները

2023-12-14 13:57

Նախքան բյուջեի ուղղությամբ աշխատանքներ սկսելը, կարևոր է հասկանալ, թե ինչպիսին են թիրախային ոլորտի համատեքստը։ Առավել պատկերավոր դարձնելու նպատակով, որպես թիրախային ոլորտի օրինակ դիտարկենք կրթությունը։ Այս պարագայում անհրաժեշտ է հասկանալ ինչպես է աշխատում ազգային կրթական համակարգը և ովքեր են հիմնական դերակատարներն ու որոշում կայացնողները: Ավելին, կարևոր է հասկանալ այն իրավական շրջանակը, որով նախատեսված է ՔՀԿ-ների բյուջետային գործընթացին մասնակցելու և բյուջետային տեղեկատվության հասանելիություն ունենալու իրավունքը։

  • Հասկանալ կրթության քաղաքականության (policy) միջավայրը

Շատ երկրներում կրթությունը ճանաչվում է սոցիալական և տնտեսական զարգացման հիմնական առաջնահերթություն, որն էլ հանգեցրել է կրթական համակարգում ներդրումների ավելացմանը: Ըստ այդմ, գաղտնիք չէ, որ քաղաքական միջավայրը ձևավորում է կառավարության առաջնահերթությունները, որոնք ազդում են կրթության ոլորտում ռեսուրսների բաշխման վրա։ Սրան հակառակ, քաղաքական մտահոգությունները ազդում են ազգային կրթական քաղաքականության և ազգային կրթական համակարգի կառուցվածքի վրա, որոնք, իրենց հերթին, որոշում են, թե ինչպես են ռեսուրսները բաշխվում կրթական հաստատությունների միջև: Ռեսուրսների բաշխումն ուղղակիորեն ազդում է կրթության որակի վրա։ Հետևապես, ՔՀԿ-ների կողմից նախքան բյուջետային գործընթացում, հարկավոր է ուսումնասիրել և ծանոթանալ կառավարության առաջնահերթություններին և հիմնական մտահոգություններին, որ նրանք արտահայտել են իրենց գործունեության տարբեր փաստաթղթերում։ Այդպիսի փաստաթղթերից կարող են լինել Կառավարության գործունեության ծրագրերը, ոլորտային ռազմավարությունները։

  • Ուսումնասիրել իրավական շրջանակը

Ինչպես արդեն նշվել է, նախքան բյուջեի շահերի պաշտպանության գործընթացը սկսելը, անհրաժեշտ է համոզվել, որ շահերի պաշտպանության իրականացման նպատակը իրավական տեսանկյունից իրագործելի է և առկա չեն օրենսդրական խոչընդոտներ: Իրավական շրջանակը ներառում է ազգային իրավական ակտերը (սահմանադրություն, պետական բյուջեի մասին օրենք, այլ օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր՝ որոշում, հրամաններ, կարգադրություններ), ազգային հանրային քաղաքականությունները (ոլորտային ռազմավարական ծրագրերը, հայեցակարգերը) և միջազգային փաստաթղթերը (կոնվենցիաները, համաձայնագրեր, պայմանագրեր, օրինակ՝ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոնվենցիան մասնակից պետությունների համար սահմանում է պարտավորություն՝ ապահովել երեխաների պարտադիր և անվճար տարրական կրթություն)։

Նախքան բյուջետային գործընթացներին մասնակցելը, ՔՀԿ-ներին խորհուրդ է տրվում ծանոթանալ թիրախային ոլորտի առանցքային գործոններին։ Օրինակ՝ կրթության ոլորտի դեպքում, հարկավոր է նախապես ուսումնասիրել՝

  • Կրթության իրավունքը
  • Կրթության ոլորտի հիմնական դերակատարների իրավասությունները և
  • Հանրային մասնակցությունը
  • Կառուցողական համագործակցել բյուջետային գործընթացում կրթության ոլորտի հիմնական դերակատարների հետ

Տարբեր երկրներում կրթության ոլորտի դերակատարների շրջանակը տարբեր է լինում։ Սրա հետ մեկտեղ հիմնական դերակատարները, որպես կանոն, նույնն են և նրանց կարելի է դասակարգել երկու խմբերի․

  • Որոշում կայացնողներ
  • Որոշումների կայացման գործընթացի աջակիցներ

Հետևապես, արդյունավետ շահերի պաշտպանություն իրականացնելու համար, հարկավոր է կառուցողական համագործակցություն սկսել որոշում կայացնող և այդ գործընթացում աջակցող սուբյեկտների հետ։

  • Մշակել ռազմավարական պլան և սահմանել բյուջետային գործընթացներին մասնակցությունը որպես առաջին ռազմավարական նպատակ

Ռազմավարական պլանը համարվում է ՔՀԿ-ների գործունեության ուղենիշային փաստաթուղթը՝ հիմնական քաղաքականությունը։  Ռազմավարական պլանի նպատակը ՔՀԿ-ների առաջիկա մի քանի տարիների (սովորաբար 3-5 տարի) գործունեության ուղղությունների առաջնահերթությունների որոշումն է, դրանից բխող նպատակների (սովորաբար 2-4 նպատակ) սահմանումն ու դրանք նվաճելու պլանավորումը` ներառյալ խնդիրները, գործողություններն ու ակնկալվող արդյունքները` իրենց շահառուներին և շահակիցներին ներկայացնելու համար: Ռազմավարական պլանը ՔՀԿ-ներին թույլ է տալիս հստակ կերպով պատկերացնել ապագայի տեսլականն ու առաքելությունը, կրել արժեքներ և չշեղվել ռազմավարական ուղղուց և դրանց համապատասխան մշակել ներքին քաղաքականություններ, այդ թվում նաև՝ շահերի պաշտպանության պլան։

  • Ներդնել և կիրարկել ինքնագնահատման գործիքը

Շահերի պաշտպանության իրականացման գործընթացում կարևոր է, որ ՔՀԿ-ները խորապես հասկանան, թե որոնք են իրենց խոցելի, և հետևապես՝ լրացուցիչ ուշադրության արժանի ենթահամակարգերը։ Այս հարցում միջազգային պրակտիկայում ընդունված գործիքներից է ինքնագնահատումը։ Այն իրենից ներկայացնում է գործիքակազմ, որոնց կիրառման և համադրման արդյունքում կազմակերպվում է ՔՀԿ-ների ինքնագնահատումը, հատկորոշվում է վերջիններիս առավել խոցելի ենթահամակարգերը, դրանց ուժեղացնելու նպատակով մշակվում է ՔՀԿ-ների տարեկան զարգացման պլան, որտեղ նախատեսվում են յուրաքանչյուր ենթահամակարգի առողջացման միջոցառումները (գործողությունները)։

  • Մշակել ֆինանսական կայունության և հայթայթման պլան

Ֆինանսական կայունության և հայթայթման պլանը հանդիսանում է կազմակերպության ֆինանսական կայունության գործողությունների ուղենիշն ու աշխատանքային պլանը: Պլանը մշակվում է մեկ տարվա կտրվածքով, դրանում ներառվում են այնպիսի տեղեկություններ, որոնք վերաբերում են ՔՀԿ-ի ներկա ֆինանսական վիճակին, ունեցած պարտավորություններին և ռազմավարական նպատակների համար սահմանված ռեսուրսների հայթայթման պլանը։ Եթե այդ տարվա ընթացքում ՔՀԿ-ն ունի անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ, ապա պլանում ուրվագծվում են ֆինանսական կայունությունն ապահովելու հիմնական քայլերն ու ուղղությունները։ Այս փաստաթուղթն է, որ ապահովում է ՔՀԿ-ի առաքելության ու նպատակների իրականացումը, գործունեության անընդհատությունը և կայուն զարգացում, ֆինանսական աղբյուրների բազմազանությունը, շուկայում ունեցած առանձնահատուկ դերի ամրագրումն ու ինքնաֆինանսավորման մեխանիզմները:

  • Ավելացնել համախոհների թիվը և վարել արդյունավետ հաղորդակցություն

Խոսելով բյուջետային գործընթացում ՔՀԿ-ների հմտությունների մասին, ոչ պակաս կարևոր նշանակություն ունի գաղափարի կամ փաստարկված առաջարկի հարցում համախոհների թիվը։ Այս առումով, ջատագովությունը պահանջում է նաև արդյունավետ հաղորդակցություն, թիրախային լսարանի հատկորոշում, լսարանի համար մատչելի և հասկանալի լեզվի ընտրություն (հնարավորինս խուսափելով մասնագիտական եզրույթներից), ինչպես նաև համառոտ և իմաստալից նյութեր:

This site is registered on wpml.org as a development site.