Բաց բյուջեների հասկացությունը և բյուջեների թափանցիկության ապահովմանն ուղղված միջազգային նախաձեռնությունները

2023-12-14 13:53

Բյուջետային ոլորտում թափանցիկությունը խթանելու նպատակով առկա են տարբեր միջազգային նախաձեռնություններ և գործիքներ։

Միջազգային բյուջետային գործընկերությունը բաց բյուջեի հետազոտության գործիքի միջոցով իրականացնում է շարունակական գնահատում, թե որքանով են կառավարությունները հանրությանը հասանելի դարձնում բյուջեի մասին տեղեկատվությունը և վերանայում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը բյուջետային գործընթացին: Հետազոտությունն օգտագործում է միջազգայնորեն ընդունված չափանիշներ՝ յուրաքանչյուր երկրի բյուջեի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը գնահատելու համար:

Պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության (ՊԾՖՀ) ծրագիրը նախաձեռնվել է 2001 թվականին՝ միջազգային զարգացման յոթ գործընկերների կողմից, որոնք են՝ Եվրոպական հանձնաժողովը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը (ՀԲ) և Ֆրանսիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի և Միացյալ Թագավորության կառավարությունները։ 2019 թվականին ծրագրի նոր գործընկերներ են դարձել Սլովակիայի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ֆինանսների նախարարությունները։

Բացի տեղեկատվության տրամադրումից, ՔՀԿ-ների կողմից շահերի պաշտպանություն իրականացնելու համար մյուս առանցքային գործիքը բաց տվյալներն են, դրանց առցանց հասանելիությունը այնպիսի ձևաչափով, որը հնարավորություն կտա քաղաքացիներին և ՔՀԿ-ներին կատարել վերլուծություններ և հետազոտություններ՝ վերօգտագործելով բաց տվյալները: Այսպես կոչված բաց տվյալների շարժումը մեծապես ընդլայնվել է այն բանից հետո, երբ 2009 թվականին Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների կողմից բացվեցին առաջին բաց տվյալների պորտալները: 2011 թվականին Բաց կառավարման գործընկերությունը (ԲԿԳ) մեկնարկեց ութ հիմնադիր կառավարությունների կողմից (Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկան, Նորվեգիան, Ֆիլիպինները, Հարավային Աֆրիկան, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները), որոնք հաստատեցին Բաց կառավարման հռչակագիրը և առաջարկեցին յուրաքանչյուր երկրի համար գործողությունների ծրագրեր։ Սեպտեմբերից ԲԿԳ-ն ողջունել է 47 լրացուցիչ կառավարությունների պարտավորությունը՝ միանալ Գործընկերությանը:

Հաջորդ առանցքային գործիքը տեղեկատվությունը տրամադրման եղանակներն են, որոնք պետք է լինեն հանրամատչելի։ Որոշ երկրներ այս համատեքստում հրապարակել են, այսպես կոչված, քաղաքացու բյուջե կամ բյուջեի ամփոփագրեր: Այս փաստաթղթերը ամփոփում և բացատրում են բյուջեի հիմնական տեղեկատվությունը մատչելի ձևաչափով՝ պարզ և հասկանալի լեզվով: Իդեալում, դրանք պետք է հասանելի լինեն երկրում սովորաբար օգտագործվող բոլոր լեզուներով: Քաղաքացու բյուջեն այս կերպ կարող է կարևոր գործիք հանդիսանալ քաղաքացիական հասարակության ընդլայնված մասնակցության համար: Միջազգային բյուջետային գործընկերությունը իշխանությունների համար հրապարակել է ուղեցույց, որը քայլ առ քայլ ցույց է տալիս քաղաքացու բյուջե մշակելու կարգն  ու եղանակը՝ ռազմավարության մշակումից մինչև դրա տարածում և գնահատում:

Ըստ էության, քաղաքացու բյուջեն նախատեսված է հանրային ֆինանսների վերաբերյալ կարևորագույն տեղեկատվությունը ներկայացնել լայն լսարանին, քաղաքացիներին: Ինչպես արդեն նշվեց, դրանք սովորաբար գրված են մատչելի լեզվով և ներառում են տեսողական տարրեր, որոնք օգնում են ոչ մասնագետ ընթերցողին հասկանալ ողջ տեղեկատվությունը: Չնայած քաղաքացու բյուջեն պետական բյուջեի մատչելի տարբերակով ներկայացվող տեսակն է, այդուհանդերձ այն պետք է պարունակի պետական բյուջեի ամբողջական տարբերակում պարունակող ինֆորմացիան և հասկանալի լինի համապատասխան կրթություն չունեցող քաղաքացիների համար։ Քաղաքացու բյուջեն կարող է  կազմվել ՔՀԿ-ների կամ այլ՝ շահերի պաշտպանությամբ զբաղվող խմբերի կողմից։ Սակայն այն պետք է մշակվի և հաստատվի կառավարության կողմից, քանի որ այն ուղղորդում է, որ կառավարության կողմից ներկայացվող տարեկան բյուջեի ծախսերը և քաղաքականությունները, որոնք պետք է լրիվ հասկանալի լինեն հանրության համար։

This site is registered on wpml.org as a development site.