Կառավարությունը կատարում է բյուջեն՝ տրամադրելով համապատասխան միջոցներ և իրականացնելով ծախսերի մոնիթորինգ, որը նպատակ ունի բյուջեի կատարումը համապատասխանեցնել բյուջեին նպատակին և առաջնահերթություններին: Հարկ է նշել, որ ֆինանսավորման հատկացումները միշտ չէ, որ պահպանվում են, այսինքն՝ ոչ բոլոր հատկացված միջոցներն են ծախսվում:
Ինչպե՞ս ներգրավվել գործընթացում
Բյուջեի կատարումը դժվար գործընթաց է և դրանում ներգրավվելը կարող է ներկայացնել որոշակի դժվարություններ։ Այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ այն կարճաժամկետ է (որպես կանոն, բյուջեն ունի մեկ տարվա պարբերաշրջան), և շահերի պաշտպանություն իրականացնող ՔՀԿ-ները այս գործընթացում ներգրավվելու տարբեր գործիքներ են կիրառում։ Դրանցից, թերևս առավել կիրառվողներից է բաց բյուջեների հետազոտությունների կատարումը և հանրային վերահսկողության իրականացումը։
Առաջին գործիքի՝ բաց բյուջեների հետազոտությունների հիմնական նպատակն է՝ օգտագործելով միջազգայնորեն ընդունված չափանիշներ գնահատել պետական բյուջեի մասին տեղեկատվության հանրային հասանելիությունը, հանրության համար պետական բյուջեին առնչվող բյուջետային գործընթացին մասնակցելու՝ ազգային օրենսդրությամբ նախատեսված հնարավորությունները, և բյուջետային վերահսկողության ինստիտուտների, որոնք են՝ օրենսդիր և ազգային հաշվեքննիչ մարմինների, դերն ու գործառույթների իրականացման արդյունավետությունը։
Հանրային վերահսկողության իրականացման գործիքներից է մասնակցային բյուջետավորումը, այլընտրանքային բյուջեները, սոցիալական աուդիտներ, որոնք անդրադարձ է կատարվում սույն ուսումնասիրության «Բյուջետային գործընթացում հանրային վերահսկողություն իրականացնելու հիմնական գործիքները» մասում։
Ի՞նչ տեղեկատվություն է անհրաժեշտ այս փուլում ջատագովություն իրականացնելու համար և որն է ջատագովության նպատակը
Այս փուլում, կատարված աշխատանքների արդյունքում ՔՀԿ-ները կարող են հասկանալ, թե արդյոք թիրախային ոլորտներում հաստատված բյուջեն իրականում ծախսվել է (ընդ որում՝ խոսքը չի վերաբերում այլ գործունեության համար բյուջեի վերածրագրավորմանը)։ Այս արձանագրումները կատարելու համար անհրաժեշտ է ծանոթանալ պետական բյուջեի փաստաթղթերին (օրինակ՝ տարեկան, կիսամյակային, այլ ընթացիկ և ամփոփիչ հաշվետվություններ, Քաղաքացու բյուջե և այլն): ՔՀԿ-ները կարող են վերլուծել բյուջեի ծրագիրը՝ բացահայտելու թերի կատարված ծախսերը, խոչընդոտները և այլ արտահոսքեր, գնահատելու, թե արդյո՞ք բյուջեն արդյունավետ է իրականացվում:
Սա կարող է ծառայել որպես ելակետային տվյալ, ինչի արդյունքում ՔՀԿ-ները կարող են իրականացնել ջատագովություն՝ բյուջեի միջոցները այլ՝ կարիքահեն ոլորտներում ներդնելու նպատակով։ Ի դեպ, այս փուլում ՔՀԿ-ները կարող են հանրային մշտադիտարկման ենթարկեն նաև հանրային գնումները և մրցույթները։
Ի՞նչ նվաճում կունենան ՔՀԿ-ները՝ մասնակցության արդյունքում
Բացահայտել հիմնական մարտահրավերներն ու առկա բացերը, որոնք խոչընդոտում են թիրախային ոլորտներում ծառայությունների արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև բարելավել բյուջետային ծախսերի արդյունքները:
Որո՞նք են ՔՀԿ-ներին ներգրավվելու հիմնական խոչընդոտները
- բյուջեների և հանրային գնումների վերլուծություններ իրականացնելու կարողությունների պակասը,
- ֆիսկալ թափանցիկության բացակայությունը,
- համապատասխան տեղեկատվության բացակայությունը։