Վերջին երկու տասնամյակների ընթացքում քաղաքացիական հասարակության ներգրավումը բյուջետային գործընթացի տարբեր փուլերում դարձել է ձևավորված պրակտիկա։ Կառավարություններն իրենց քաղաքականության նպատակները կենսագործում են բյուջեի միջոցով, հետևաբար, բյուջեի վերլուծությամբ և շահերի պաշտպանությամբ զբաղվելը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ներ) համար հանրային քաղաքականության և ծրագրերի վերաբերյալ որոշումների վրա ազդելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: ՔՀԿ-ները, որոնք օժանդակում են սոցիալական և տնտեսական զարգացման խնդիրների լուծմանը, ինչպիսիք են՝ աղքատությունը, մարդու իրավունքները, առողջությունը և կրթությունը, եզրահագել են, որ պետական (հանրային) բյուջեների վրա ազդեցություն ունենալու ջանքերը պետք է ներառել իրենց շահերի պաշտպանության քաղաքականության մեջ, այն դիտարկելով նպատակին հասնելու արդյունավետ գործիք։
Պետական բյուջեն մասին կառավարության տարբեր քաղաքականություններն ամփոփող կարևոր ծրագրային փաստաթուղթ է, որն արտահայտում է, թե կառավարությունը հանրային ռեսուրսները ինչպե՞ս է նախատեսում օգտագործել, ո՞ր քաղաքական նպատակների համար, ինչպիսի՞ հանրային ծառայություններ և ի՞նչ ծավալով են մատուցվելու, և ի վերջո, ինչպիսի՞ արդյունքներ են ապահովվելու հանրության համար: Հետևապես, ՔՀԿ-ների բյուջեի հետ կապված գործունեությունը կարող է ներառել տարբեր ներքին քաղաքականություններ և ռազմավարություններ՝ սկսած բյուջետային գրագիտության հմտությունների վերապատրաստումից մինչև փաստահեն շահերի պաշտպանության իրականացում և այլընտրանքային պետական բյուջեի ձևավորում:
Շրջանակը․ Այս ուսումնասիրությունը կենտրոնանում է այն գործիքների և ռազմավարությունների վրա, որոնց օգնությամբ ՔՀԿ-ները կարող են վերահսկել կառավարության, համայնքի կամ առանձին գերատեսչության բյուջեն, մասնակցել բյուջեի մշակման գործընթացին, կատարել հետազոտություններ և ներկայացնել փաստարկված առաջարկներ բյուջետային հայտերում փոփոխություններ կատարելու համար, ջատագովել՝ այդ առաջարկները ընդունելու և դրանք բյուջեում ինկորպորացնելու նպատակով։ Ուսումնասիրությունը պատասխանում է նաև այն հարցերին՝ թե ի՞նչ հմտություններ են հարկավոր ՔՀԿ-ներին՝ վերը նշված խնդիրների լուծման նպատակով։ Ներկայացվում են համառոտ օրինակներ այն համատեքստի մասին, որում ներդրվել է այս գործիքներից յուրաքանչյուրը:
Սույն փաստաթուղթը հիմնված է միջազգային փորձի և Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) բյուջետային գործընթացի շահերի պաշտպանության պրակտիկայի վրա։
Սույն ուսումնասիրությունը նախատեսված է ՔՀԿ-ների, բյուջետային ոլորտի փորձագետների և բյուջետային գործընթացներով հետաքրքրված այլ շահագրգիռ կողմերի համար, որոնք մասնակցում են պետական և համայնքային բյուջեի մշակման գործընթացին, կարևորում են Հայաստանում մասնակցային բյուջեների ինստիտուտի կատարելագործումը, փաստարկված առաջարկների ներկայացումը և շահերի պաշտպանության իրականացումը, ինչպես նաև կառավարության որոշումների վրա ազդեցություն ունենալը։
Մեթոդոլոգիա. Ուսումնասիրությունը պատրաստել է Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ)՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորված «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում։ Ուսումնասիրությունը պատրաստվել է գրասենյակային հետազոտությունների (desk review) և օրենսդրության վերլուծությունների մեթոդով՝ օգտագործելով միջազգային և ազգային փորձը, միջազգային մասնագիտացված կազմակերպությունների նախագծած ուղեցույցները։