Տեղեկատվության հավաքագրման իրավական շրջանակը

2023-12-14 13:51

Առհասարակ, բյուջետային և քաղաքականության գործընթացներում ՔՀԿ-ների կողմից արդյունավետ և փաստահեն շահերի պաշտպանություն իրականացնելու համար առանցքային գործոն է հանդիսանում թափանցիկությունը՝ տեղեկատվության հասանելիությունը:

Մի շարք երկրներում Սահմանադրության մակարդակով է ամրագրված տեղեկատվության հասանելիության վերաբերյալ դրույթները, որոշ երկրներ ընդունել են առանձին իրավական ակտեր։ Միևնույն ժամանակ, միշտ չէ, որ օրենսդրական կարգավորումների առկայությունը հնարավորություն է տալիս ունենալ տեղեկատվության ամբողջական հասանելիություն։ Այս տեսանկյունից,  տեղեկատվության հասանելիության ապահովումը, ի թիվս այլնի, ենթադրում է, որ հանրային իշխանությունները տեղեկատվությունը հասանելի դարձնեն ժամանակին՝ չփորձելով դրա հրապարակումը դարձնել ժամանակավրեպ։ Ստորև ներկայացված բյուջետային պարբերաշրջանը ցույց է տալիս, օրինակ, թե որոնք կարող են դիտարկվել որպես առանցքային նշանակություն ունեցող բյուջետային փաստաթղթեր, որոնք սովորաբար հանրային իշխանությունները պետք է տրամադրեն բյուջեի պարբերաշրջանի ընթացքում: Նմանօրինակ տեղեկատվությունը անհրաժեշտ է հանրությանը, ներառյալ ՔՀԿ-ներին, որը  հնարավորություն կտա մասնակցելու քաղաքականության և բյուջետային հայտերի ու կատարողականի վերաբերյալ քննարկումներին: Բյուջետային այս փաստաթղթերի ժամանակին հասանելիությունը նաև Եվրոպական միության (ԵՄ) բյուջետային աջակցության համատեքստում իրականացվող գնահատականների հիմքում է:

Եթե խոսում ենք բյուջեի փաստահեն շահերի պաշտպանության մասին, կարևոր է հասկանալ երկրի բյուջեի օրենսդրությունը, քաղաքականությունը, բյուջեի և ծախսերի վերաբերյալ հաշվետվությունները և դրանց մշակման կարգավորումները, ինչպես նաև տեղեկատվության ազատության կարգավորումները (օրենսդրություն)։ Պայմանականորեն, իրավական այս շրջանակը կարելի է դասակարգել երեք խմբի․

Բյուջեի օրենսդրությունը, քաղաքականությունը

Բյուջեի օրենսդրությունը սահմանում է գործընթացը, ժամանակացույցը, ձևաչափը և ծրագրված բյուջեի պատրաստման համար պատասխանատու կողմերին, ինչպես նաև բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը: Շատ երկրներում բյուջեները հաստատվում են օրենքի տեսքով, ուստի բյուջեի մասին տեղեկատվությունը նույնպես իրավական փաստաթուղթ է: Օրինակ՝ ՀՀ ազգային ժողովը  (ԱԺ) յուրաքանչյուր հաջորդ տարվա բյուջեն հաստատում է ընթացիկ տարում՝ ընդունելով կոնկրետ թվականի, օրինակ՝ 2023 թվականի «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը։

Բյուջեի և ծախսերի վերաբերյալ հաշվետվությունները

Բյուջեի և ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը բյուջետային եկամուտների հավաքագրման պատասխանատու պետական մարմինների, դրանց ենթակա այլ մարմինների՝ օրենքներով և այլ իրավական ակտերով բյուջեի կատարման ոլորտում վերապահված լիազորությունների պատշաճ կատարման ճշտությունը պարզելուն ուղղված փաստաթուղթ է, որի նպատակն է՝

ա) պարզել պետական մարմինների` բյուջեի եկամուտների (մուտքերի) ձևավորմանը և ծախսերի իրականացմանն ուղղված գործունեության, մարմիններում հաշվապահական հաշվառման վարման և բյուջեի կատարման մասին հաշվետվությունների կազմման ու ներկայացնելու` համապատասխան օրենսդրության պահանջներին համապատասխանությունը.

բ) ուսումնասիրել բյուջեի կատարումը, հայտնաբերել այն թերությունները, որոնք ծագել են բյուջեի կատարման ընթացքում:

Տեղեկատվության ազատության կարգավորումները

Տեղեկատվության ազատության կարգավորումները սահմանում են տեղեկատվություն տնօրինողների իրավասությունը, ինչպես նաև տեղեկություններ ստանալու կարգը, ձևերը և պայմանները, տեղեկատվության դասակարգումները և այլն։ Տեղեկատվության ազատությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ, առանձին կամ ընդհանուր օրենսդրությամբ։

 

This site is registered on wpml.org as a development site.