ՔՀԿ-ների մասնակցությամբ քննարկվել են ՀՀ ԱՍՀՆ 2027-2029 թթ. ՄԺԾԾ ծրագրային և բյուջետային առաջնահերթությունները

2026-05-28 12:49

Մայիսի 26-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմակերպել էր 2027-2029թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) նախագծի, ներառյալ՝ 2027 թվականի պետական բյուջեի մշակման աշխատանքների շրջանակում բյուջետային հայտերի քննարկումը՝ շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) մասնակցությամբ:
Քննարկմանը մասնակցում էին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհային ծրագրեր իրականացնող «Բիզնես և կրթություն ասոցացիա» ՀԿ-ն՝ ի դեմս Սուսաննա Եղիազարյանի, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն՝ ի դեմս երիտասարդ բյուջետային մասնագետ Նանե Մխիթարյանի, «Հաջողակ կին» ՀԿ-ն՝ ի դեմս Անի Վարդանյանի և «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն՝ ի դեմս ներկայացուցիչ Սաթիկ Բադեյանի։
Քննարկումն ուղղված էր «Երեխաների հիմնահարցեր», «Կանանց հիմնահարցեր, ընտանեկան բռնության և մարդկանց թրաֆիքինգի զոհերին աջակցություն» և «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում» ծրագրերի 2027 թ․ բյուջետային գործընթացին, մասնավորապես՝ 2027-2029 թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրի ցուցանիշները, բյուջետային հայտերի որակի գնահատման մեխանիզմներն ու արդյունքները, ինչպես նաև նոր նախաձեռնությունները։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ծրագրերի իրականացման արդյունավետությանը, շահառուների հասանելիության ապահովմանը՝ ընդգծելով, որ պետական ռեսուրսների արդյունավետ բաշխման գործընթացը կարևոր նախապայման է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց մատուցելու հասցեական և լիարժեք ծառայություններ։
Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել նաև «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհային ծրագրեր իրականացնող թիմի անդամներին բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները, խոսել մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնման, խնամքի կազմակերպման նոր գործիքակազմի, պետություն-քաղհասարակության համագործակցության ամրապնդման, առաջարկությունների և այլ հարցերի շուրջ։

This site is registered on wpml.org as a development site.